Մասնագետները, ուսումնասիրելով տարբեր բնավորությամբ մարդկանց իրար հետ շփվելու շարժուձևը, պարզել են, որ իշխող մարդիկ վատ են կարողանում լսել զրուցակցին, ինչի պատճառով նրանց հետ խոսակցությունը հաճախ վերածվում է նրանց ձեռքբերումների և հաջողությունների քննարկման: Գիտնականների ուսումնասիրության մասին պատմող հոդվածը հրապարակվել է Social Psychological and Personality Science ամսագրում:
Փորձերի ընթացքում մասնակիցներին խնդրել են իրավիճակներ պատմել իրենց կյանքից, երբ նրանք կամ ստիպված են եղել կարևոր որոշումներ ընդունել և ստանձնել իրավիճակի կառավարումը, կամ այլ մարդու ենթարկվել: Այդպիսով մասնակիցները բաժանվել են 2 խմբի՝ մարդիկ, ովքեր առաջնորդի որակներ ունեն, և մարդիկ, ովքեր հակված են ենթարկվելու: Այնուհետև մարդկանց բաժանել են զույգերի: Յուրաքանչյուրն իր զրուցակցին պատմել է իր կյանքի ամենակարևոր ձեռքբերման կամ հաջողության մասին: Վերջում յուրաքանչյուրը պետք է ասեր, թե ում պատմությունն է իրեն ավելի լավը թվացել՝ իրե՞նը, թե՞ զրուցակցինը:
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ իշխող մարդիկ միշտ իրենց պատմությունն ավելի հետաքրքիր են համարել: Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ առաջնորդի համար գործընկերոջ հաջողության պատմությունն ավելի հետաքրքիր համարելը նշանակում է խոստովանել զրուցակցի գերազանցությունը:









































