«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գերմանաբնակ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը:
– Պարոն Ստեփանյան, միջազգային վերլուծաբանների և փորձագետների համաձայն, ռուսական զորքերի ներխուժումը Ուկրաինայի տարածք միջազգային հանրության կողմից պետք է դիտարկվի որպես Մոսկվայի կողմից ԱՊՀ նախկին երկրի դեմ ճնշման քաղաքականության շարունակություն, այլ ոչ թե միայն աշխարհաքաղաքական երևույթ: Դուք ինչ եք կարծում այս առնչությամբ:
– Այն, ինչ Ռուսաստանը հիմա իրականացնում է Ուկրաինայում՝ անջատողականներին աջակցությունը, ռուսական որոշակի խմբեր Ուկրաինա ուղարկելը և որոշակի տրամադրություններ ստեղծելը, ստիպում է վերանայել խորհրդային նախկին պետությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ինչպես է դրան արձագանքելու Ռուսաստանը. հաղորդագրություններ են եղել, որ Ղազախստանում են լարվել Ուկրաինայից հետո, կարող ենք նկատել, թե ինչպես են փոխվել Ադրբեջանի և Բելառուսի առաջնորդների հայտարարությունները:
Ես լավատեսորեն չեմ տրամադրված և կարծում եմ, որ այդ ուղղությամբ ռուսական ներքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը ոչ մի առանձնահատուկ զիջում չեն անի, եթե հակամարտություն առաջանա:
– Հունվարի 2-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Չնայած միությունը դեռ նոր է ստեղծվել, օրերս սակայն, Բելառուսի նախագահը չբացառեց այդ միությունից դուրս գալու հավանականության մասին: Ինչպիսի՞ փոփոխություններ է պետք սպասել հետխորհրդային տարածքում, և ինչպե՞ս դրանք կարտահայտվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում կարճաժամկետ հեռանկարում:
– ԵՏՄ-ն անձամբ Պուտինի համար է, բայց որքան հասկանում եմ՝ նա ինքը դրան չի հավատում: Այդ նախագիծը ամենասկզբից էլ շղարշի բնույթ էր կրում, բնույթով այլընտրանք էր ԵՄ-ի ինտեգրացիոն ծրագրից երկմտող երկրների համար:Այդ պատճառով այն, ինչ Պուտինը արեց Ուկրաինայի հետ, իհարկե, թեժացնում է տրամադրությունը, և ինձ թվում է, որ առաջիկա կարճաժամկետ հեռանկարում ԵՏՄ-ն հետագա զարգացում չի ունենա:
– Գերմանիան՝ որպես ԵՄ-ում առաջատար երկիր, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դարձել է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության վեկտորի փոփոխության գեներատոր: Դուք գերմանաբնակ քաղաքագետ եք, և հետաքրքիր է իմանալ՝ ինչպիսի՞ն է այս նոր քաղաքականության դիմագիծը:
– Ներգերմանական հասարակության շրջանում տրամադրությունների փոփոխությունը և Մերկելի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ զարմացնում են, որովհետև Գերմանիան ամենասերտ հարաբերություններն է ունեցել Ռուսաստանի հետ, Գերմանիան ԵՄ-ում Ռուսաստանի թիվ մեկ գործընկերն էր, այդ պատճառով եթե Մերկելի միանշանակ դիրքորոշումն արտահայտեր Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան, ապա դա կարելի էր արդարացնել նրանով, որ սերտ տնտեսական հարաբերություններ չկան, ապրանքաշրջանառությունն այնքան մեծ չէ, որքան Գերմանիա-Ռուսաստան դեպքում, և դա կարող էինք հասկանալ ու արդարացնել: Բայց Գերմանիան այլ հարց է: Չհաշված բաց թողած տնտեսական շահը՝ Գերմանիան «առաջին ջութակի» դեր է կատարում ԵՄ-ում և իրական հակամարտության մեջ է Պուտինի հետ: Այլ հարց է, որ Գերմանիան ի վիճակի չէ, ինչպեսև Եվրոպայի ցանկացած այլ երկիր, ինքնուրույն որոշել ու կառուցել դիրքորոշում: Այո, Գերմանիան ունի դրա պոտենցիալը, այդ թվում նաև փորձագիտական, բայց Գերմանիան և ԵՄ այլ երկրներ հետագա քաղաքական դիրքորոշումները համաձայնեցնում են Բրյուսելի միջոցով, իսկ դա իր հետ բերում է ժամանակի կորուստ:
Իսկ ահա Պուտինը քաղաքական որոշումները միանձնյա է կայացնում կամ էլ քննարկում է կողմնակիցների նեղ շրջանակում, այդ թվում՝ բարձր պաշտոնատար անձանց և ուժայինների հետ: Նա կարող է այդ որոշումները կայացնել ցանկացած ժամանակ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում: Իսկ Գերմանիայի և ԵՄ-ի համար կան որոշակի ձևական գործընթացներ, երբ պետք է համաձայնեցնել: Ճիշտն ասած՝ այդ համակարգն անբավարար է Ռուսաստանին դիմակայելու համար:
– Պաշտոնական հայտարարություններից՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի և Անգելա Մերկելի հետ նրա ունեցած հանդիպման հետ, տպավորություն էր ստեղծվել, որ Գերմանիան մտադիր է ակտիվացնել տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասում: Այդ մասին է վկայում նաև արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի անցյալ տարեվերջի այցը Ադրբեջան ու Հայաստան: Ակներև է, որ ԼՂ հակամարտության լուծման հարցում Գերմանիան ցանկանում է առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ: Ինչպիսի՞ն են գերմանական քաղաքականության կարևոր շեշտադրումները Հարավային Կովկասում, և դրանք որքանո՞վ են համապատասխանում ավելի հին խաղացողների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքականությանը:
– Ինձ թվում է, որ Գերմանիայի վերաբերմունքը Հարավային Կովկասի հանրապետությունների և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տեղավորվում է միջազգային իրավական սահմանների մեջ, և այդ առումով գերմանական կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ միջազգային իրավունքի հիման վրա պետք է ինչ-որ կետերի շուրջ համաձայնության գալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Իրականում հակամարտության վերաբերյալ դա իր արտահայտությունը գտնում է նաև ԵՄ մակարդակով, որովհետև Գերմանիան ու Ֆրանսիան ԵՄ-ում միջնորդ գլխավոր կողմերն են: Բայց, ինչպես գիտեք, Գերմանիան գործում է իր ներքաղաքական կյանքի ձևաչափով, իսկ դա նշանակում է, որ Գերմանիան պետք է հաշվի առնի երկրում ամենամեծ՝ թուրքական սփյուռքի կարծիքը: Այդ առումով Գերմանիան, իհարկե, միշտ փորձում է իր քաղաքականությունը Թուրքիայի հետ համաձայնեցված կառուցել:
– Գերմանիան «վեցյակի» անդամ երկիր է, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է: Դա ընդգծում է Գերմանիայի բացառիկ դերն ու շահը հետագա տարածաշրջանի զարգացումների հարցում: Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի՝ մասնավորապես Հայաստանի վրա, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի մեր երկիրը, որպեսզի կարողանա ընդլայնել իր հնարավորությունները այս ենթատեքստում:
– Որքան հասկանում եմ՝ հայ-իրանական հարաբերությունները, ի տարբերություն հայ-թուրքական հարաբերությունների, ավելի լավ տեսք ունեն: Ինձ թվում է՝ իրականում այստեղ այլ ճգնաժամ է: Այն ամբողջ տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի զարգացման բանալին է: Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես կարող է Հայաստանը մասնակցել դրան, որովհետև այսօր Հայաստանի ներուժն այնքան էլ մեծ չէ, որպեսզի մասնակցի Իրանական միջուկային ծրագրի խնդրի լուծմանը և միջնորդ հանդիսանա:










































