Քաղաքացու վիրավորելու համար մեղադրվող բանտարկյալ Դմիտրի Խաչիաշվիլին փախել է դատարանի դահլիճից, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ոստիկանները, սպասելով, որ դատավորն իրենց փոխանցի դատավճիռը, բանտարկյալին փակել են մետաղական ճաղերի հետևում, իսկ բանալին դրել հենց այնտեղ՝ սեղանի վրա, ու դուրս եկել դահլիճից: Կալանավորը կարողացել է վերցնել բանալին, բացել դռներն ու փախչել պատուհանից:
Ոստիկանները Խաչիաշվիլիին բռնել են երեկ երեկոյան Սագարեջոյի շրջանում՝ Կախեթից Թբիլիսի ուղևորվող տաքսու մեջ, բայց նա նորից փախել է:
Հանցագործությունը, որում մեղադրվում է Խաչիաշվիլին, տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Խաչիաշվիլիին ռեստորան է հրավիրել նրա ընկերը, որի հետ նա համացանցով է ծանոթացել: Ճաշից հետո նոր ծանոթը նրան սեքս է առաջարկել, ինչը նրանց միջև լեզվակռվի պատճառ է դարձել: Հետաքննության տեղեկությամբ՝ Խաչիաշվիլին դանակով վիրավորել է երիտասարդին, նաև վնասել է նրա ավտոմեքենայի անվադողերը: Վնասված տղամարդու վիճակը կայուն է:
Վրաստանի ՆԳ նախարարությունը հաստատել է բանտարկյալի փախուստի փաստը: Դատախազությունը հետաքննություն է սկսում ոստիկանների նկատմամբ, որոնց անփութության պատճառով կալանավորը կարողացել է փախչել:











































