Բրազիլական Սանտա Մարիա քաղաքի ողբերգությունը, որը խլել է 245 մարդու կյանք, հակահրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետևանք է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ գնդապետ Գիդուն։
Նրա տվյալներով՝ «Քիսս» գիշերային ակումբի հրդեհի պատճառը եղել է բեմի վրա հրավառության պարագաների օգտագործումը։ Ակումբի ղեկավարությունը պատշաճ կերպով չի պահովել մարդկանց էվակուացիան։ Ըստ գնդապետի՝ նրանց 90 տոկոսը զոհվել է թունավոր գազերից առաջացած հեղձուկի հետևանքով։ Դահլիճում ընդամենը մի ելք է եղել, առաջացել է հրմշտոց, որը նույնպես զոհերի պատճառ է դարձել։
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆն ընդհատել է Չիլի կատարած այցը և շտապել Սանտա Մարիա։ «Կատարվել է սարսափելի ողբերգություն։ Դաշնային կառավարությունը անհրաժեշտ օգնություն կտրամադրի Սանտա Մարիայի և Ռիու Գրանդի դու Սուլի իշխանություններին»,- հազիվ զսպելով արցունքները՝ ասել է նա։ Նախագահը Չիլիում մասնակցում էր ԵՄ-Լատինական Ամերիկա գագաթաժողովին։










































