Եթե վերցնենք ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընտրություններին չմասնակցելու ընդհանրական հանգամանքը, ապա երեքն էլ ստիպված էին հաշվի նստել այն իրականության հետ, որ իշխանությունները ցուցաբերում են կոշտ և անհանդուրժողական վերաբերմունք: Իսկ դրանից զատ, պատճառը այդ կուսակցությունների առանձնահատուկ նկատառումներն էին: ՀԱԿ-ի դեպքում այն, որ հայտնի դարձավ հասարակությանը Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսումը, ԲՀԿ-ի դեպքում այն հանգամանքն է, որ Գագիկ Ծառուկյանն անկեղծ չէր իր ժողովրդի հանդեպ: Ասում էր՝ պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, բայց ոչ ժողովրդի վստահությունը, իսկ հետագայում սեփական ունեցվածքի մեծ մասը կորցնելու վախը ավելի հոգեհարազատ էր, քան պատրաստակամությունը հետամուտ լինել սեփական ժողովրդին, սեփական ընտրազանգվածին տված խոստումներին: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չմասնակցությունը նախագահական ընտրություններին:
Խոսելով, թե ինչ ճակատագրի կարժանանան այս կուսակցությունները ընտրություններից հետո, նման որոշումով շահեցի՞ն, թե՞ կորցրեցին իրենց դիրքերը քաղաքականության մեջ, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Եթե նայենք կուսակցության անդամների կարծիքին, ապա բոլորն էլ միանշանակ ուզում էին, որ իրենց առաջնորդներն անպայման մասնակցեն այնպիսի կարևորագույն քաղաքական իրադարձությանը, ինչպիսին է նախագահական ընտրությունը: Պարզ չէ, թե հետագայում ինչ կլինի, իսկ հիմա նրանք առաջնորդվեցին միայն սեփական շահերից ելնելով:
Անդրադառնալով առաջադրված թեկնածուներին`քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այն իրավիճակում, երբ չկա հաղթելու ռեալ հնարավորություն, այսինքն` ընտրություններին մասնակցում են հանուն մասնակցության, իհարկե առաջադրվելը սխալ էր. «Ինքնանպատակ մասնակցություն առանց որոշակի հստակ պայմանավորվածությունների, որոնց շրջանակներում հնարավոր էր հասնել գոնե երկրորդ փուլին, իմաստազուրկ եմ համարում նրանց առաջադրումը՝ Հրանտ Բագրատյանինը և Րաֆֆի Հովհաննիսյանինը, որովհետև կան այնպիսի թեկնածուներ, որոնք նույնիսկ քարոզարշավ չեն անում և հայտնի էլ չէ, թե ինչու են առաջադրվել»:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի`ավելի ճիշտ կլիներ, եթե այս վիթխարի ծախսերը չարվեին և դրա փոխարեն օգնեին նյութական ծանր վիճակում հայտնված մարդկանց. «Այս ընտրությունն այլևս ընտրություն չէ՝ ընդամենը արարողակարգ է: Եթե լինեին շանսեր հասնել գոնե երկրորդ փուլ, ապա առաջադրվելը գոնե մի փոքր իմաստ կունենար: Իսկ այսօր պատկերն այնպիսին է, որ երկրորդ փուլը բացառվում է:
Եթե հանրության 43 տոկոսի վստահությանն արժանացած կուսակցությունները թեկնածու չեն առաջադրում, ապա այս պարագայում երկրորդ փուլի մասին խոսելն անգամ անիմաստ է: Երկրորդ փուլ եղավ 2003-ին, որովհետև ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ առաջին փուլում ստեղծվել էր փոխհամաձայնությունների դաշտ: Նույնը եղավ 2008 թվականին՝ էլի ստեղծվել էր փոխհամաձայնությունների դաշտ, Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր մյուս կուսակցությունների գրասենյակներ և այդ փոխհամաձայնությունների շրջանակներումստեղծվեց մրցակցային իրավիճակ»:
Քաղաքագետի գնահատմամբ`Սերժ Սարգսյանը իր լեգիտիմությունը կարող է ապահովել, եթե լուծի հասարակության հետ փոխհարաբերություններում իշխանության արդարացման խնդիրը, որովհետև իշխանության արդարացման խնդիրը ընտրությունների գործընթացի միջոցով լուծել չի կարող. «Երեք քաղաքական ուժեր անտեր են թողել իրենց ընտրողներին, և ըստ էության ընտրությունները մրցակցային չեն, նա իր լեգիտիմությունը այդ ընտրությունների միջոցով չի կարող ապահովել»:









































