Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, հայտարարել է, որ Հայաստանի նախագահն անցել է դիվանագիտական էթիկայի սահմանները։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Թուրքիայի նախագահի՝ Դարդանելի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու հրավերի վերաբերյալ Սարգսյանի խոսքերը դեմ էին դիվանագիտական էթիկային և անընդունելի՝ Թուրքիայի համար։ Մենք չենք ընդունում պարոն Սարգսյանի հայտարարությունները, որոնք հարիր չեն պետական ղեկավարին։
Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են 2015 թվականը Թուրքիայի և թուրքերի դեմ արշավի վերածելու համար և այդ նպատակին հասնելու համար անգամ դիվանագիտական էթիկայի սահմաններն անցնող, վիրավորանք և ատելություն պարունակող հռետորաբանությամբ են հանդես գալիս։
Թուրքիան բազմաթիվ համարձակ քայլեր է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, սակայն հայկական կողմը երբեք չի պատասխանել դրանց։ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն չի ցանկանում 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրությունը հանձնել պատմաբանների դատին, այլև մինչև այսօր շարունակում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիան։
Սակայն ի հեճուկս Սերժ Սարգսյանի և Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերի՝ հայ-թուրքական պատմական բարեկամությունը շարունակվելու է»,- ասել է Քալընը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու այդ իրադարձությունը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը անմիջապես պատասխան նամակով հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:
Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ հայտարարել է. «Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն:
Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:
Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում»։
Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ:








































