Օրերս հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանը արտահայտվել էր նաև Մարտի 1-ի թեմայով: Իսկ դա հազվադեպ երևույթ է: Այսինքն` Սարգսյանն այդ թեմայով արտահայտվել էր մեկ էլ 2011 թվականի ամռանը, երբ «երկխոսությանն» ընդառաջ` նա հայտարարեց, թե պետք է Մարտի 1-ի քննությանը նոր թափ հաղորդել: Դրանից հետո Սերժ Սարգսյանն այլևս որևէ էական անդրադարձ չի կատարել թեմային:
Ներկայիս անդրադարձում նա հայտարարել է, թե բռնություն միայն իշխանությունը չի գործադրել, և որ իշխանությանը դա պետք չէր: Ո՞ւմ է մեղադրում Սերժ Սարգսյանը բռնության համար, այսինքն` եթե բռնություն գործադրողը միայն իշխանությունը չէր, ապա էլ ո՞վ էր: Չէ՞ որ հայտնի է, որ անգամ իշխանության կամակատարությամբ գործող դատական համակարգը չկարողացավ որևէ ծանրակշիռ ապացույց կամ փաստարկ ներկայացնել ընդդիմության, քաղաքացիների իրականացրած բռնությունների կապակցությամբ: Ինչպես պարզվեց հետագայում, նրանք, ովքեր խանութ էին կոտրել կամ մեքենա այրել, եղել էին հենց նույն Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի աջակիցներ, վստահված անձինք և այլն: Առավելագույնը, որ կարող էին որպես մեղադրանք ներկայացնել ընդդիմության ներկայացուցիչների, լիդերների կամ ակտիվիստների հանդեպ, եղել է ոստիկանների վրա քար նետելը կամ նման մի բան՝ այն էլ որպես ապացույց բացառապես ծառայել են ոստիկանական ցուցմունքները:
Ահա այդ ամենից հետո հայտարարել, թե «միայն իշխանությունը չի եղել բռնություն գործադրողը», առնվազն տարօրինակ է: Մինչ այդ ընդդիմության բռնության մասին հայտարարությունները պատկանում էին Ռոբերտ Քոչարյանին, որը նույնիսկ հայտարարում էր, որ կրակում են ոստիկանների վրա: Իրականում Քոչարյանի ոչ մի հայտարարություն չապացուցվեց: Հիմա Սերժ Սարգսյանն է խոսում Մարտի 1-ի մասին` առանց ապացույցների, այն դեպքում, երբ հակառակի, այսինքն` իշխանության բռնության ապացույցները, փաստարկված պնդումները տեղ գտան Փաստահավաք խմբի ընդդիմադիր ներկայացուցիչների մի քանի ծավալուն զեկույցներում:
Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի մասին հանդես է գալիս անհիմն հայտարարություններով կամ պարզապես, այլ կերպ ասած, սուտ է խոսում, եթե չի ներկայացնում իշխանությունից դուրս բռնության այլ «աղբյուրի» մասին հստակ ապացույցներ: Իսկ եթե չկան այդպիսի ապացույցներ, բայց խեղվում է Մարտի 1-ին կատարվածի բնույթը, նշանակում է, որ իշխանությունը պատրաստ է հարկ եղած դեպքում նույն բանն անել, այլապես հստակ գնահատականով և կոնկրետ ապացույցներով այն կբացահայտեր մինչև վերջ և այդպես կփակեր թեման:
Սերժ Սարգսյանի հերթական անդրադարձում ակնհայտ է նաև, որ թեման փակելը չի բխում նրա շահերից, քանի որ այն քաղաքական նկատառումներով օգտագործելը բավական հարմար է: Ընդ որում, այստեղ նրա դաշնակիցն է նաև ընդդիմությունը: Չմոռանանք, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն պայմանավորվածություն ունեն` նախագահական ընտրություններից հետո անդրադառնալ Մարտի 1-ի ԱԺ հանձնաժողովի խնդրին: Այսինքն` խնդիրը քաղաքական առևտրի մաս դարձնելու հարցում իշխանությունն ու ընդդիմությունը կարծես թե ներդաշնակ են գործում:
Հետևաբար, իշխանությունից բացի, բռնություն կիրառած այլ ուժերի հանգամանքը բավական հետաքրքրական է և այսպես ասած` ունիվերսալ բնույթ ունի կարծես, որը կարելի է ցանկացած պահի օգտագործել ցանկացած ուժի դեմ:
Պատահական չէ, որ նման վարկած առաջ քաշեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ դեռևս մեկուկես տարի առաջ հայտարարելով, որ սպանությունները տեղի են ունեցել այնտեղ, որտեղ ոչ ընդդիմությունն էր վերահսկում, ոչ իրավապահները: Այսինքն` Քոչարյանն էլ կարծես թե դեմ չէ բռնության «այլ» սուբյեկտի վարկածին: Այստեղ հարցն, ըստ երևույթին, կախված է քաղաքական կոնկրետ իրավիճակում «իմպրովիզների» նպատակահարմարությունից և կարողությունից:








































