Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի առաջ իր ելույթում անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես գրում է իսրայելական Haaretz թերթը, Ռիվլինը Հոլոքոստի հիշատակին նվիրված իր ելույթում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբ պաշտպանում էր իր երկիրը պաղեստինցիների դեմ ցեղասպանություն գործելու՝ իր խոսքերով «ցինիկ» մեղադրանքներից:
Ռիվլինը կոչ է արել ՄԱԿ-ին սահմաններ դնել, որից դուրս գալու դեպքում կմիջամտի՝ հնարավոր ցեղասպանությունները դադարեցնելու համար: Նա, սակայն, նշել է, որ կարմիր գծերի սահմանումը պահանջում է դադարեցնել «ցածրացնել և ցինիկորեն օգտագործել» «ցեղասպանություն» բառը քաղաքական նպատակներով:
Այնուհետև Ռիվլինը մեջբերել է 20-րդ դարի սկզբին Պաղեստինում հրեական լրտեսական ցանցի անդամ Ավշալոմ Ֆեյնբերգը նոթերը Հայոց ցեղասպանության մասին: «100 տարվա վարանում և հերքում: Իսրայել հողի վրա, սակայն, որտեղ ես ծնվել եմ, ոչ մեկ չի հերքել այդ կատարված ոճրագործությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները, տեսել են նրանց հազարներով՝ քաղցած, կրակից մազապուրծ: Երուսաղեմում նրանք ապաստան են գտել, իսկ նրանց ժառանգներն այնտեղ ապրում են մինչ օրս»,- ասել է Ռիվլինը:
Ելույթի վերջում նա հարցադրում է կատարել. «Այսօր մենք պետք է ազնվորեն մեզ հարց տանք. Արդյո՞ք մեր պայքարը, Գերագույն Ասամբլեայի պայքարը ցեղասպանության դեմ բավարար չափով արդյունավետ է»:








































