Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀ նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում իսպառ բացակայում են թվերով արտահայտված խոստումները՝ այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի տնտեսական ծրագրում խոստումների զգալի մասն արտահայտված է թվերով, իսկ Հրանտ Բագրատյանի ծրագրում թվերն ավելի քան շատ են՝ Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ թվերով արտահայտված խոստումները հաճախ ապակողմնորոշում են քաղաքացիներին: Ամեն դեպքում, Վարդան Բոստանջյանին առավել հոգեհարազատ է Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը, մինչդեռ Թաթուլ Մանասերյանն այդ ծրագիրը համարում է իդեալիստական և իրականությունից կտրված: ՀՀ նախագահի թեկնածուների տնտեսական խոստումների շուրջ տնտեսագիտության երկու դոկտոր-պրոֆեսորների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարելի է դիտել Aravot.am կայքում: «Առավոտը» ներկայացնում է հատվածներ:
«Առավոտ»– ՀՀ նախագահի 8 թեկնածուներից իրենց նախընտրական ծրագրերն առայժմ հրապարակել են երեքը՝ Հրանտ Բագրատյանը, ՐաֆՖի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը: Եթե համեմատական վերլուծություն անցկացնենք այդ ծրագրերի տնտեսական հատվածներում ներկայացված խոստումների միջև, Ձեր գնահատմամբ՝ դրանցից ո՞րն է ավելի իրատեսական:
Վարդան Բոստանջյան– Ես մտածում եմ, որ իշխանությունը մասնակցել է գործող նախագահի ծրագրի պատրաստմանը, և այդ կտրվածքով ես ուզում եմ այն որակել որպես իսկապես ծրագիր: Սակայն դրա իրագործման հետ կապված ես չէի ուզենա ունենալ մտահոգություն, որ հանկարծ չսկսվի նոր ճգնաժամ, որն այդ ծրագրի չկատարման պատճառ դառնա: Ինչ վերաբերում է Բագրատյանի ծրագրին, որպես մասնագետ՝ կարծում եմ, որ նրա առաջարկած կոնցեպտուալ 100 ուղղությունները պետք են մեր հանրապետությանը և իսկապես կխթանեն ցանկալի բարեփոխումների իրականացումը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի, և եթե մյուս թեկնածուները ներկայացնեն՝ նրանց ծրագրերի դեպքում էլ, կարծում եմ, կլինեն ծրագրային երևույթներ, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք դիսկրետ թեզեր են, որոնք չեն ունենա համալիրություն, և չեմ կարծում, որ այս հետճգնաժամային ժամանակահատվածում կարող են էական բարեփոխումների հիմք դառնալ:
Թաթուլ Մանասերյան– Ի տարբերություն քաղաքական դաշտում մրցակցայնության պակասի, ինչի մասին այսօր շատ է խոսվում, տնտեսական դաշտում ծրագրերի առումով մրցակցություն կա: Գործող նախագահի ծրագրի մասին արդեն ասվեց, սակայն նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և մյուս թեկնածուի ծրագրում ևս կան դրույթներ, որոնք կարելի է օգտակար համարել: Այնուամենայնիվ, գնահատման առումով ինձ համար շատ կարևոր է մեթոդաբանությունը. ոչ միայն բովանդակային մասը, այլև այն, թե ինչը հիմք ընդունելով կարելի է շարադրել նման դրույթներ: Օրինակ՝ Բագրատյանի ծրագրում կան կրկնություններ, մտքեր, որոնք այլոց կողմից բազմիցս հնչել են, և չէի ասի, որ դա նորամուծություն է: Բացի այդ, կան չափից շատ իդեալիստական մոտեցումներ, հավակնոտ, այս պահի իրականությանը չհամապատասխանող հիմնադրույթներ: Իսկ ահա գործող նախագահի նախընտրական ծրագրում նկատելի են հիմնադրույթներ, որոնք ոչ միայն իրատեսական են, այլև շատ համեստ ձևակերպումներ են: Մեր տնտեսական ներուժը, կարծում եմ, մեզ թույլ է տալիս ավելին ակնկալել: Այսինքն՝ այս դեպքում ավելի զուսպ ներկայացված հիմնադրույթներ են, ուստի՝ նաև ավելի իրատեսական:
«Առավոտ»– Օրինակ՝ հարկատեսակների հետ կապված Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա է այսպիսի ձևակերպում. «Ներդնելու ենք գույքահարկի արդարացի համակարգ»: Նման ձևակերպումը Դուք իդեալիստական չե՞ք համարում: Ինչ պե՞ս է սահմանվելու այդ արդարացիությունը:
Թ. Մ.– Ենթադրում եմ, որ նկատի է առնվում պրոգրեսիվ տրամաբանությամբ՝ քիչ ունեցողից՝ քիչ, շատ ունեցողից՝ շատ հարկ գանձելու ճանապարհով:
«Առավոտ»– Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի ծրագրերում պրոգրեսիվ հարկատեսակների կիրառման մեխանիզմները շատ ավելի հստակ և մանրամասն կերպով են ներկայացված: Դա շահեկան տարբերություն չե՞ք համարում:
Թ. Մ.– Ես մասնավորապես Բագրատյանի ծրագրում մեծ նորություններ չեմ տեսնում, որովհետև այդ ծրագրում ներառված դրույթների մեծ մասը մեզ հայտնի են: Եվ իդեալիստական ասելով՝ ես շատ մեղմ գնահատեցի նրա ծրագիրը: Որպես օրինակ բերեմ նրա վերջին ելույթներից, երբ թեկնածուն առաջարկում էր հարկել տրանսֆերտները, հիմա զարգացնելով իր այդ «հանճարեղ» միտքը՝ ասում է, որ տրանսֆերտներից ձևավորեն ներդրումային հիմնադրամ: Ինքներդ դատեք, որքանով կարող է դա իրատեսական լինել, երբ մարդիկ ստանում են ուղղակի գոյատևելու համար գումարներ, իսկ թեկնածուն դրանցից փորձում է ձևավորել հիմնադրամ: Եվ այդպիսի դրույթները նրա մոտ բազմաթիվ են: Ես ձեզ կարող եմ առաջարկել ծանոթանալ Ռուսաստանում դեռևս մեկուկես տասնամյակ առաջ հրապարակված ծրագրերին, որոնք կոչվում էին 30 քայլ, 50 քայլ, 100 քայլ… այսինքն՝ դա բոլորովին նորամուծություն չէ:
Վ. Բ.– Ես չէի ուզենա ասել, որ չեմ կիսում պարոն Մանասերյանի մոտեցումները, բայց անկախ այն հանգամանքից, որ Բագրատյանի հետ ես ունեցել եմ բավականին սուր անձնական հարաբերություններ, ես նրան համարում եմ ռեֆորմատոր: Դժվար իրավիճակում նրա ցուցաբերած համարձակությունը՝ և՛ ազգային դրամի ներմուծման, և՛ ընդհանրապես սեփականաշնորհման ինստիտուտի հարցում… իհարկե, կարող էին լինել բացթողումներ, բայց բոլոր դեպքերում ազատական հարաբերությունների արմատավորման առումով պետք է քայլ կատարվեր, և այդ քայլը կատարել է Բագրատյանը:
«Առավոտ»– Իսկ Հրանտ Բագրատյանի 100 քայլ ծրագրում Դուք և՞ս նորամուծություններ չեք տեսնում, ինչպես պարոն Մանասերյանը:
Վ. Բ.– Ոչ, ես տեսնում եմ: Եվ հետո՝ Հայաստանի պարագայում մենք չենք գնում մրցության՝ նորամուծությունների հարցում: Սուղ ռեսուրսներ ունեցող մեր երկրի համար տնտեսական նորամուծությունները կարող են թանկ արժենալ:









































