Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը։
Սկզբում ելույթ են ունեցել հայկական կողմի ներկայացուցիչները, որոնք այս գործում հանդես են գալիս որպես երրորդ կողմ։ Փաստաբան Ամալ Քլունին հայտարարել է, որ Թուրքիայի ժամանակակից մտածելակերպի պատճառով ազգայնականները սպանեցին Հրանտ Դինքին։
«Թուրքիան բացասական հետք է թողնում խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վրա», – ասել է Քլունին։
Փերինչեքը, իր հերթին, հայտարարել է, թե ընդունում է, որ բռնագաղթ է եղել, հայեր են սպանվել, բայց դա ըստ նրա՝ ցեղասպանություն չէ։
«Ես կրկնում եմ՝ Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է»։ Ցեղասպանությունը իրավաբանական տերմին է, այս դեպքը կապ չունի ցեղասպանության հետ», – ասել է հայատյաց գործիչը՝ հավելելով, որ 90 կգ ռուսական և հայկական «փաստաղթեր» է ներկայացրել ՄԻԵԴ, որոնք իբր ապացուցում են, որ կատարվածը ցեղասպանություն չէ: Փերինչեքը նշել է, որ Օսմանյան կայսրությունը հայերին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել, պարզապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված իրադրությունը ստիպել է իրականացնել հայ քաղաքացիների բռնագաղթը:
Ըստ թուրքական «Այդընլըք» թերթի՝ Փերինչեքը նաև նշել է, թե իբր իր դիրքորոշումը պաշտպանել է նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Դատական նիստն ավարտվել է։ Վճիռը կհրապարակվի 6-8 ամսից։
Հիշեցնենք, որ 2005 թվականին Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է»։ Այս խոսքերի համար շվեյցարական դատարանը նրան 90-օրյա ազատազրկման էր դատապարտել, և որպես այլընտրանք՝ Փերինչեքը պետք է վճարեր ցեղասպանությունները ժխտողների համար օրենքով սահմանված տուգանքը։
Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ պատճառաբանելով, թե իբր Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը:
Այս որոշումից հետո Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ Նախորդ տարվա հունիսին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:
Օրերս Թուրքիայի վճռաբեկ դատարանը ժամանակին «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ երկիրը չլքելու պայմանով ազատ արձակված Փերինչեքի վրա դրված արգելքը չեղյալ է հայտարարել, որպեսզի վերջինս մասնակցի այսօրվա դատական նիստին։











































