Եվրահանձնաժողովի նոր հակաահաբեկչական ծրագիրը ավիաուղևորների մասին անձնական տվյալների զանգվածային հավաքագրում ներմուծելու առաջարկ է ներառում, հայտնում է The Guardian-ը: Պարբերականը պնդում է, որ խոսքը բոլոր ուղևորների մասին է, որոնք թռչում են Եվրոպա և մեկնում այնտեղից: Եվրահանձնաժողովի այդ ծրագիրը պետք է չորեքշաբթի օրը հրապարակվի, ասվում է հոդվածում:
Մասնավորապես, փաստաթուղթն առաջարկում է տվյալներ հավաքել ավիաուղևորների անձնագրերի համարների, բանկային քարտերի, տան և էլեկտրոնային հասցեների, գաստրոնոմիկ նախընտրությունների մասին. այդ տվյալները կպահվեն կենտրոնական բազայում մինչև 5 տարի, գրում է թերթը: Նշվում է, որ բազային հասանելիություն կստանան ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները:
Իրենց հերթին, քաղաքացիական ազատությունների համար պայքարողները միլիոնավոր ուղևորների անձնական տեղեկության հավաքագրմանն ու պահվելուն նման մոտեցումն անընդունելի են համարում:









































