Ֆինն բանտապահները բողոքում են, որ բանտարկյալների կյանքի մակարդակն իրենց ապրելակերպից բարձր է, գրում է Fontanka.fi-ը: Այս մասին պարբերականին պատմել է քրեակատարողական հաստատությունների աշխատողների արհմիության կառավարման անդամ Ռիստո Նիեմինենը:
Նա պատմել է, որ Ֆինլանդիայում դատապարտվածների մեծ մասը Ռուսաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Ռումինիայի, Սոմալիի և նախկին Հարավսլավիայի հանրապետության քաղաքացիներ են: Իսկ ամենատարածված հոդվածը թմրանյութերի տեղափոխումն է: Ֆիննական օրենսդրությունը թույլատրում է բանտարկյալներին իրենց բնակության վայր ուղարկել: Սակայն արտաքսման են ենթարկվում հանցագործների միայն 10 տոկոսը: Դատապարտվածների մեծ մասն արտաքսման որոշումը բողոքարկում են դատարաններում և մնում են ֆիննական բանտերում: Հասկանալի է, թե ինչու:
Ֆիննական բանտերում հարկադիր աշխատանք գոյություն չունի, սակայն ցանկության դեպքում հնարավոր է աշխատել դաշտերում, անտառահատման արտադրամասերում կամ ձյուն մաքրել և ամսեկան 1-2 հազար եվրո վաստակել: Իսկ աշխատանքային ժամերից ավել աշխատողներին կրկնակի են վճարում, այնպես որ ավելի շատ կարելի է վաստակել: Հաճախ այնպես է ստացվում, որ բանտարկյալների աշխատավարձերը գերազանցում են բանտապահներինը, որը վերջինների մոտ բողոք է առաջացնում: Դրանից բացի, բանտարկյալները ստիպված չեն վճարել սնունդի, բնակարանի, հագուստի և կոշիկի համար, և բնականաբար չեն վճարում նաև կոմունալ ծախսերի դիմաց: Իսկ լավ աշխատանքի և վարքի համար նրանք կարող են նաև կարճաժամկետ արձակուրդ ստանալ:











































