Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունենք շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին և ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն և բազկի զորություն:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները և պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները: Վերջին շրջանում և, հատկապես, այս տարվա առաջին օրերին ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանում սանձարձակ հակառակորդը սաստկացրել է հայ զինվորների կյանք արժեցող միջադեպերը, ինչն արդարացի վրդովմունք ու անհանգստություն է առաջ բերել հասարակության շրջանում:
Սահմանային դեպքերի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ընդհանրական ձևակերպումները, իսկ որոշ դեպքում՝ ուղղակի անգործությունը, էլ ավելի են մեծացնում առկա լարվածությունն ու մարդկային կորուստների վտանգը: Զինվորի սպանությունը խիստ դատապարտելի երևույթ է:
«Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի է համարում հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երեք երկրների պատասխանատուների ամորֆ, իրավիճակը համահարթեցնող դիրքորոշումը և անհամարժեք արձագանքը ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունների նկատմամբ: Այդպես թշնամին, որպես կանոն, ավելի է լկտիանում՝ ազատ զգալով իր հանցավոր գործողությունների մեջ:
«Ժառանգություն» կուսակցությունը հայ զինվորի կողքին լինելու հաստատակամությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նահատակ զինվորների ընտանիքներին, ծառայակից ընկերներին և հարազատներին՝ կոչ անելով գործող իշխանություններին ու բոլորին, ձեռնարկել ամեն միջոց զինվորի մահը բացառելու համար:









































