Օրերս լույս են տեսել թուրք լրագրող, գրող Յաշար Աքսոյի՝ «Հայ հարևանս 1915 թվականի հարցում» և «Կիպրոսի դիմադրությունն ու լուծումը» գրքերը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։
«Հայ հարևանս 1915 թվականի հարցում» 600 էջանոց գիրքը գրելու համար Աքսոյից ավելի քան 30 տարի է պահանջվել։ Հեղինակն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, ինչպես նաև խոսել խաղաղության ճանապարհների մասին։
Բացի այդ, Աքսոյն իր գրքում անդրադարձ է կատարել նաև «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)՝ վերջինս ներկայացնելով որպես ահաբեկչական կազմակերպություն։ Մասնավորապես, գրքում հիշատակվում է ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի Արթին Փենիքը, ով 1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կողմից իրականացված գործողությունից երեք օր անց Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում իր վրա բենզին էր լցրել և ինքնահրկիզվել` որպես բողոքի նշան հայկական կազմակերպության իրականացրած գործողությունների: Դեպքից 5 օր անց Փենիքը ստացած վնասվածքներից մահացել էր:









































