Google ընկերությունը պաշտոնապես ընդունել է, որ այլև մտադիր չէ վերացնել Android-ի որոշ հին տարբերակների վրա տեղադրված վեբ-բրաուզերի անվտանգության համակարգի սխալները: Այս մասին Android-ի անվտանգության հարցերով բաժնի ղեկավար Ադրիան Լյուդվիգը գրել է Google+-ի իր էջում:
Անցած շաբաթ The Wall Street Journal-ը տեղեկացրել է, որ Google-ը, ամենայն հավանականությամբ, այլևս չի ուղղի բրաուզերի սխալները, որոնք առկա են Android 4.3 Jelly Bean բազայում և պլատֆորմի ավելի հին տարբերակներում: Դա սպառնում է Android-սարքավորումներ օգտագործողների երկու երրորդին, ովքեր ավելի քան մեկ միլիարդ են կազմում:
Միևնույն ժամանակ, Google-ը շարունակում է թարմացումներ թողարկել Android 4.4 KitKat-ի բրաուզերի, որը ընկերությունը թողարկել է 2013թ., ինչպես նաև 2014թ. թողարկված Android 5.0 Lollipop-ի համար: Դրանից բացի, խնդիրը չի վերաբերում այն օգտագործողներին, ովքեր իրենց սարքավորումների վրա այլընտրանքային բրաուզերներ են տեղադրել, ինչպիսիք են՝ Google Chrome-ն ու Mozilla Firefox-ը:









































