«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Երեկ հնարավորություն ունեի շփվելու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ, և այդ շփումը ա) ավելացրեց իմ լավատեսությունը, բ) համոզեց, որ մենք թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում առաջ ենք գնալու միմիայն մտածող մարդկանց շնորհիվ: Այդպիսի մարդիկ կան, անշուշտ, նաև իշխանական ճամբարում, բայց նրանք փոքրամասնություն են կազմում: Մեծամասնություն են նրանք, ովքեր ընդհանրապես ունակ չեն մտածելու և կարող են միայն փող հաշվել: Կան նաև այնպիսիք, որոնք տեսականորեն զուրկ չեն մտածելու ունակությունից, սակայն միտումնավոր մտել են ուղղափառ դոգմատիզմի մեջ, և այդ պատյանում իրենց զգում են բոլոր տեսանկյուններից հարմարավետ՝ «մեր առաջնորդի իմաստուն ղեկավարությամբ» և այլն: Այդ երկրորդ տեսակը գերակշռող է նաև ընդդիմության շարքում, և այս դեպքում պատճառը ոչ այնքան դոգմատիզմի հարմարավետությունն է, որքան մտքի ծուլությունն ու ինքնուրույնության պակասը: «Քառակուսի» դոգմատիզմն ազատում է որևէ անձնական պատասխանատվությունից:
Այդ առումով Հրանտ Բագրատյանի՝ որպես նախագահի ինքնուրույն թեկնածուի առաջադրումը մեկ քայլ առաջ է: Նա, ինչպես և նրա թիմի անդամներն ու նրան սատարողները (այդ թվում՝ նույն Հովհաննես Իգիթյանը) խոսում են խիստ ընդդիմադիր դիրքերից, բայց զուտ քաղաքական լեզվով՝ առանց փողոցային «հավելումների»: Գուցե նրանց ասածները զանգվածային էքստազ չեն առաջացնում, որովհետև չեն պարունակում բանտ նստեցնելու և ունեցվածքը խլելու սպառնալիքներ, որոնք յուղ են լցնում մեր բնակչության մեծ մասի սրտին: Բայց ակնհայտ է, որ Բագրատյանն իր ծրագրի վրա մտածել է ոչ թե մի քանի ամիս՝ նախագահ առաջադրվելու նպատակով, այլ մի քանի տարի՝ մեր երկրի վիճակի դիտարկման, մտահոգության և տարբեր երկրների փորձը ուսումնասիրելու հիման վրա:
Որպես դրա հետևանք՝ Բագրատյանը ոչ թե առաջարկում է «վատ տղաներին» փոխարինել «լավ տղաներով», այլ ստեղծել մեխանիզմներ, ինստիտուտներ, որոնք կնպաստեն ժողովրդավարությանը, օրինականությանը և տնտեսական առաջընթացին: Օրինակ՝ «Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի երևանցիների կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով»: Կամ՝ «Առաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգով: Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը»: Կամ՝ «Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի: Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում (համայնքում) անցկացվել է հանրաքվե»:
Գուցե դրանք իդեալական լուծումներ չեն, բացառված չէ նաև, որ շատ սխալ առաջարկներ են: Բայց դրանք հնարավորություն են տալիս մտածելու: Ինչը մեզանում պակասում է»:






































