«Սա աննախադեպ դեպք է, որովհետև եղեռնագործվել է մի ողջ հայ ընտանիք: Սա բոլորի վիշտն է, և այն հարցը չէ, որ պետք է քաղաքական հարթակ տանել: Իհարկե, կարող են քաղաքական հետևանքներ կամ մեկնաբանություններ լինել, բայց խնդիրն իրավական տիրույթում է: Եվ ես կողմնակից չեմ, որ ցանկացած իրավական խնդիր մենք սարքենք շոուների առարկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված ոճրագործությանը:
Է. Շարմազանովը մասնակցում էր այդ ոճրագործությանը վերաբերող խորհրդարանական լսումներին, որին ներկա էր և պատգամավորների հարցերին պատասխանում էր Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Իսկ ԱԺ-ն պատրա՞ստ է արտաքին գործերի նախարարին և ԱԱԾ ղեկավարին նույնպես հրավիրել նման քննարկումների: Չէ՞ որ այդ հանցագործությունն ավելի շատ առնչվում է նրանց ղեկավարած ոլորտներին՝ հատկապես, երբ նախապես խոսք էր գնում նման լսումներ կազմակերպելու մասին, ներկայացվում էր, որ այն պետք է հրավիրվի ԱԺ արտաքին, պաշտպանության և անվտանգության ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների կողմից: Այս դեպքում արդեն ենթադրվում էր, որ լսումներին պատգամավորների հարցադրումներին պատասխանողի դերում պետք է ներկա լինեն այդ երեք ոլորտներում գործող գերատեսչությունների ներկայացուցիչները: Մինչդեռ լսումները հրավիրեց միայն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, և որպես զեկուցող հրավիրվեց միայն Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Է. Շարմազանովը պատասխանելով այս դիտարկումներին՝ ասաց, որ ԱԺ փոխնախագահը կամ նախագահն իրավունք չունեն հանձնաժողովին ասելու ինչ անել: «Ի սկզբանե նման հարց չի դրվել: Ի սկզբանե իմ կարծիքն է եղել, որ ավելի արդյունավետ կլինեին փակ քննարկումները: Իսկ նմանատիպ քննարկումները, նաև լրագրողների ներկայությունը բոլորիս հնարավորություն են տալիս փոքր-ինչ զգացմունքային լինել, փոքր-ինչ քաղաքականացնել խնդիրը»,- պատասխանեց Է. Շարմազանովը:









































