Էգեյան ծովում Թուրքիայի և Հունաստանի ռազմաօդային ուժերի միջև հերթական միջադեպն է գրանցվել, որն այս անգամ ևս լուրջ հետևանքների չի բերել:
Թուրքական կողմը մեղադրել է հույներին միջազգային ջրային տարածքներում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները որսալու համար:
Ինչպես հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, հունվարի 20-ի առավոտյան հունական օդուժի կործանիչները որսացել են թուրքական ինքնաթիռների, որոնք թռիչք են կատարել Էգեյան ծովի տարածքում: Հունաստանն օդ է բարձրացրել 2 միավոր F-16 կործանիչներ, որոնք էլ ընդհանուր առմամբ շուրջ 16 րոպե որսացել են թուրքական օդուժի 6 միավոր F-16 կործանիչ, KC-135 լիցքավորող ինքնաթիռ և 1 միավոր CN-235 բեռնատար ինքնաթիռ:
Երբ թուրքական ինքնաթիռները հեռացել են, հունական կործանիչները վայր են իջեցվել:
Նշենք, որ թեև Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներ են, սակայն տարածքային խնդիրներ ունեն Էգեյան ծովի մի շարք կղզիների հարցում, ինչպես նաև Անկարայի և Աթենքի միջև լուրջ տարաձայնության պատճառ է Կիպրոսի հյուսիսի թուրքական բռնազավթումը։
Վերջին տարիներին նմանատիպ դեպքերը երկու երկրների միջև բավական հաճախ են: Կողմերը մշտապես մեկմեկու մեղադրում են ջրային և օդային սահմանները խախտելու համար, լարվածություն է առաջ գալիս հատկապես Էգեյան ծովում կողմերից մեկի` զորավարժություն անցկացնելու ժամանակ: Անցած տասնամյակներին հունական և թուրքական կողմերի միջև Էգեյան ծովի ավազանում անգամ օդային բախումներ են եղել՝ կործանիչների ոչնչացմամբ:









































