Մինվոդիի սրճարանում դանակահարվել է ՆԳՆ հատուկջոկատայինը, որը մասնակից էր դարձել քաղաքացիական անձանց հետ զինվորականների ծեծկռտուքին:
Ստավրոպոլի երկրամասի ոստիկանությունը հետաքննում է Ռուսաստանի ՆԳՆ հատուկջոկատայինի սպանությունը, ում դանակի մահացու վիրավորում էին հասցրել սրճարաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Նախնական տվյալներով՝ հաստատությունում կռվի են բռնվել զինվորականներն ու քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
«Ներկայումս ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել կոնֆլիկտի մի խումբ մասնակիցներ ու ականատեսներ»,- հայտնել է ՆԳՆ երկրամասնային գլխավոր վարչության կայքը:
Գերատեսչության տվյալներով՝ կռիվը սկսվել է կենցաղային բնույթի վեճից, որը ծագել էր երիտասարդների երկու խմբերի միջև: Դեպքը տեղի է ունեցել «Օպերա» սրճարանում: Հարաբերություններ են պարզել 4 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք: Տուժած զինվորականը տեղում մահացել է: Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել:
Զոհը ներքին զորքերի պայմանագրային զինծառայող Դմիտրի Սիդորենկոն է՝ Մինվոդիի շրջանի Նովոտերսկի բնակավայրից: Ենթադրվում է, որ վնասվածքը հասցրել է 1991 թվականին ծնված Միխայիլ Գրիգորյանը: Հետաքննության շրջանակում 10 մարդ է ձերբակալվել:







































