Apple կորպորացիայի հիմնադրի այրին՝ Լորեն Փաուել Ջոբսը, կայք է գործարկել՝ հաջակցություն ամերիկյան միգրացիոն բարեփոխումների: Այս մասին հայտնում է NBC-ն: The Dream Is Now անվամբ կայքի գործարկման հարցում Սթիվ Ջոբսի այրիին օգնում է ռեժիսոր Դեվիս Գուգենհայմը:
Dream Act էմիգրացիոն բարեփոխումը ընդունելու դեպքում թույլ կտա ԱՄՆ ապօրինի մուտք գործած ներգաղթյալների երեխաներին ամերիկյան քաղաքացիություն ստանալ, եթե նրանք ավարտել են միջնակարգ դպրոցն ու ԱՄՆ-ում ապրել 5 տարի:
Կայքում դպրոցների շրջանավարտները, որոնք ներկայում ԱՄՆ քաղաքացի չեն, կարող են տեսանյութ ներբեռնել և պատմել իրենց ապրումների մասին:
Փաուել Ջոբսի խոսքով՝ նախագծում իր հետաքրքրությունը ի հայտ է եկել Կալիֆոռնիայի Արևելյան Պալո-Ալթո քաղաքում աղքատ ներգաղթյալների երեխաների հետ աշխատանքի ժամանակ: «Նրանք մեր երեխաների ընկերներն են: Սա սուր ազգային խնդիր է, որը լուծման կարիք ունի»,- ասել է Փաուել Ջոբսը:
Dream Act բարեփոխումը առաջին անգամ առաջարկվել է 2001 թվականին, սակայն անհրաժեշտ աջակցություն չի ստացել:









































