Twitter միկրոբլոգերի ծառայությունը մտադիր է թողարկել Vine հավելումը, որը պետք է անձնական ոչ մասնագիտական տեսանյութերը վերածի սոցիալական կայքերի լուսանկարներին լիարժեք փոխարինողների:
Ինչպես հաղորդում է AllThingsD կայքը՝ ծրագիրը պետք է ի հայտ գա մոտ ժամանակներս, սակայն պաշտոնական տվյալներ դեռ չկան: Բացի այդ, Android-ի օգտատերերը չեն կարող օգտվել ծառայությունից, քանի որ Vine-ը հասանելի է լինելու միայն App Stor-ում:
Ըստ արտասահմանյան աղբյուրների տվյալների՝ Vine-ը պետք է բավական հասարակ լինի հավելումների օգտատերերի համար: Այն թույլ կտա ամենաշատը վեց վայրկյան տևողությամբ տեսանյութ տեսագրել և արագ կիսվել դրանով այլ օգտատերերի հետ կամ տեղադրել ուրիշ սոցիալական ցանցերում:
Աղբյուրը նաև նշում է, որ օգտատերը կարող է միացնել մի քանի կարճ տեսանյութեր և հոլովակներ ստեղծել մի քանի լուսանկարներից:
Vine-ը թողարկվելու է ոչ թե որպես Twitter-ի ֆունկցիոնալ մի մաս, այլ տեսանյութերի համար առանձին ծառայություն: Ընկերությունում խոստանում են հնարավորություն տալ տեսանյութեր հրապարակել Twitter-ում:
Նոր ծառայության գործարկման սկսվելու մասին տեղեկություններ չկան, իսկ Twitter-ի և Vine-ի էջերում բազմանշանակորեն գրված է՝ «շուտով»:






































