Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ` նախորդ օրը հրապարակված թվերը գրեթե չեն փոխվել. գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ջախջախիչ և համոզիչ հաղթանակ է տարել իր երեք մրցակիցների նկատմամբ` հավաքելով ընտրողների ձայների 95.55%-ը: Այսպիսի թվեր չեն արձանագրվում նույնիսկ ժողովրդավարության հետ ամենալուրջ խնդիրներ ունեցող երկրներում: Սերժ Սարգսյանը, բնականաբար, առաջիններից էր, ով շնորհավորեց Նուրսուլթան Նազարբաևին:
Մյուս երեք թեկնածուները միասին հավաքել են մոտ 4%: Ընդդիմությունն այս ընտրություններին չի մասնակցել` նշելով, որ Նազարբաևի իրական մրցակիցներին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է տրված, քանի որ ընտրություններն անցկացվել են արտահերթ: Այսօր ընդդիմությունը պահանջել է քննել վերջին ընտրություններին տեղի ունեցած խախտումները և պատժել մեղավորներին:
Վերնագիրը վերցված է ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության պաշտոնական կայքից:








































