Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Վալենսիա»-ի դեմ պատասխան խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան հայտարարել է, որ մրցավարների մակարդակը չի զարմացնում իրենց: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
«Արքայական ակումբ»-ը ոչ-ոքի խաղաց և անցավ մրցաշարի կիսաեզրափակիչ: Նրանց կազմում խաղադաշտից հեռացվեցին պաշտպան Ֆաբիու Կուենտրանն ու կիսապաշտպան Անխել դի Մարիան:
«Դի Մարիայի գործողություններում ագրեսիվություն չէր նկատվում, և խաղում նմանատիպ բազմաթիվ դրվագներ կային: Սակայն, չգիտես ինչու, մենք տասը ֆուտբոլիստով մնացինք: Մրցավարներն արդեն չեն զարմացնում մեզ: Իհարկե, մենք եզրակացություններ կկատարենք խաղն ուսումնասիրելու ժամանակ, սակայն ես վստահորեն կարող եմ ասել, որ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները երբեք ագրեսիվություն չեն ցուցաբերում խաղադաշտում: Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ մեր թիմի խաղում ակնհայտ առաջընթաց է նկատվում»,- հայտնել է Կարանկան:





































