Ռուբլու թուլացումը ոչ միայն արժեզրկել է այն գումարները, որոնք միգրանտները հայրենիք են ուղարկում, այլև ստիպում է աշխատանքային ներգաղթյալներին հեռանալ Ռուսաստանից: Արդյունքում տուժում են այն երկրները, որոնց տնտեսությունները մեծ կախվածություն ունեն դոլարային գումարային մուտքերից, որոնք նրանց քաղաքացիները ուղարկում են ՌԴ-ից, գրում է The Guardian-ը: Համաշխարհային բանկի վիճակագրության վրա հիմնված պարբերականի հաշվարկներով 2015-ին ռուբլու թուլացման պատճառով ինը երկրներ կարող են ընդհանուր առմամբ ավելի քան 10 միլիարդ դոլար կորցնել:
Եթե Ռուսաստանում արժութային ճգնաժամը ձգվի ամբողջ 2015-ին, ապա այլ ֆակտորների չփոփոխվելու դեպքում այն կարող է 10 և ավելի տոկոս անկում առաջացնել այն երկրներում, որտեղ գումարային փոխանցումնեը ՀՆԱ-ի զգալի մասն են կազմում:
Ամենախոցելի երկրներն են՝ Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Համաշխարհային բանկի տվյալներով Հայաստանի տնտեսությունն արտասահմանից գումարային փոխանցումներից կախված է 21%-ով, Վրաստանը՝ 12%-ով, Ղրղզստանը՝ 31,5%ով, Մոլդովան՝ 25%-ով, Տաջիկստանը՝ 42%-ով, Ուկրաինան՝ 5,5%-ով, Լիտվան՝ 4,5%-ով, Ադրբեջանը՝ 2,5%-ով, Ուզբեկստանը՝ 12%-ով:
Դեպի Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա գումարային փախանցումների 40 տոկոսը Ռուսաստանից է իրականացվում, իսկ դեպի Ղրղզստան՝ 79%:






































