«Անցկացվում է բացահայտ կամ քողարկված պարեկային ծառայություն, ինչքան ես եմ հասկանում՝ կանխարգելելու համար ինչ-ինչ բախումներ կամ վեճեր: Գյումրիում առավոտից ռուսական սպայական ավանի, որտեղ մարդիկ կարող են ազատ ելումուտ անել, գրեթե բոլոր խաչմերուկներում ոստիկանական խմբեր են կանգնած. մի մասը զինված է, մյուս մասը՝ ոչ, բայց որքան ես եմ հասկանում՝ կանխարգելիչ նպատակ ունի այդ ամենը»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Գյումրիի ավագանու անդամ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հարցին՝ քաղաքացիների ըմբոստությունի՞ց են վախենում, Լևոն Բարսեղյանը նշեց, որ ոչ թե վախենում են, այլ հազար ու մի բան կարող է լինել. կարող է ինչ-որ մեկը սադրանք անի Ռուսաստանի դեմ, ինչ-որ մեկը՝ Հայաստանի դեմ, ինչ-որ երրորդ կողմ ինչ-ինչ բաներ հրահրի, և այս պարագայում պարտավոր են կանխարգելիչ գործողություններ կատարել:
Նրա խոսքով՝ Գյումրիում լարվածությունը մեծացել է ոչ թե այսօր, այլ լարվածությունը մինչ ադ էլ կար, չէր մարել:
Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նախապատրաստվո՞ւմ է որևէ բողոքի ցույց, թե՞ որոշակի սպասողական վիճակ է: «Եթե լինի, ես իհարկե՝ կիմանամ և կմասնակցեմ, եթե այնպիսի ակցիաներ լինեն, ինչպիսին այն օրն էր: Երևի ավելի շատ Հայաստանի իշխանությունների քայլերին են սպասում, որ մերոնք իսկապես որակյալ գործողություններ ձեռնարկեն՝ գործը հայկական արդարադատության տիրույթ բերելու համար: Եթե չձեռնարկեն, մարդիկ իրենց ասելիքը կասեն՝ ամենայն հավանականությամբ»,- ասաց նա:
Այս օրերին մեր իշխանությունների պասիվությունը, Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ, պայմանավորված է Վլադիմիր Վլադիմիրովիչին չանհանգստացնելու, նեղություն չտալու, չզայրացնելու հանգամանքով, այլապես մեկ ուրիշ երկրում առաջին դեմքը անհապաղ կհայտարարեր սուգ:
«Սերժ Սարգսյանը չուզեց դա անել, երևի մտածեց՝ մենք չենք հասկանա՝ ինքն ինչու չի ուզում դա անել. եթե աներ, պետք է աշխարհով մեկ, որտեղ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն ուներ, այդ երկրների ղեկավարներն այցելեին, ցավակցեին, Հայաստանում դեսպանատների, հյուպատոսարանի ներկայացուցիչները պետք է այցելեին, ցավակցեին հենց իրեն: Մի խոսքով՝ աղմուկ պետք է ելներ, ուստի որոշեցին նվազեցնել տեղեկատվական հոսքերը, բայց դա իրենց չհաջողվեց: Հայաստանի իշխանությունները բողոքի ակցիաներից հետո կամաց-կամաց սկսեցին գիտակցության գալ, Պուտինը արթնացավ յոթերորդ օրը: Մի անհեթեթ հայտարարություն տարածվեց, թե նա երկրորդ անգամ է ցավակցել, և անհասկանալի մնաց, թե առաջին անգամ երբ է ցավակցել, կամ՝ եթե առաջին անգամ ցավակցել էր, երկրորդ անգամ ինչու էր ցավակցում, գուցե երրորդ և չորրորդ անգա՞մ էլ ցավակցի: Մի խոսքով՝ շատ ուշացած ինչ-որ բաներ են փորձում անել»,- ասաց Գյուրիի ավագանու անդամը:
Նրա խոսքով՝ դժբախտաբար, կարելի է ասել, որ լյուստրացիա կատարվեց: Ինձ, իհարկե, նախևառաջ հետաքրքրում է իշխանությունը, որովհետև այս պահին հետաքննություն անելու, հետաքննությանը մասնակցելու, գործը Հայաստանի ինքնիշխան տիրույթում պահած լինելու մասով իշխանությունները գլխավոր գերագույն պատասխանատուն են:
Այս օրերին Գյուրիում ռուս զինվորների չեն տեսնում, նրանք դուրս չեն գալիս բազայի տարածքից: Լևոն Բարսեղյանը նշեց, որ խանութպանների հետ է զրուցել, գոնե մի քանի օր է՝ նրանք առևտուր չեն անում նույնիսկ հարակից խանութներից:
«Շաբաթ օրը թեթև միջադեպ գրանցվեց, Գյումրու կենտրոնում մի զինվորականի էին տեսել, մեկն ասում է՝ մեկ հոգի, մյուսն ասում է՝ երկու հոգի են եղել, վեճ է ծագել, և ոստիկանությունը արագ ռուս զինվորականին հասցրել էր զորամաս: Եղա ոստիկանությունում, ասացին՝ ոչ ոք բերման չի ենթարկվել: Նրանք պետք է սթափ լինեն, առայժմ դուրս չգան, չշփվեն, մինչև հանդարտվեն կրքերը: Հիմա մեկը, ով ռուսական համազգեստ հագնի, և դուրս գա, վախենամ թե չվերադառնա: Շատ վտանգավոր է, ես չեմ ասի՝ ատելությամբ են լցված, բայց զայրույթը դեռ չի մարել»,- հավելեց Լևոն Բարսեղյանը:











































