Դյուսելդորֆի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի խորհուրդը երեքշաբթի սկսել է Գերմանիայի կրթության նախարար Աննետե Շավանին գիտական աստիճանից զրկելու գործընթացը՝ նրան գրագողության մեջ կասկածելու պատճառով: Այս մասին հաղորդում է կրթական հաստատության կայքը` հավելելով. պարտադիր չէ, որ պաշտոնյային զրկեն գիտական աստիճանից:
2012թ.-ի մայիսին նախարարին մեղադրեցին գրագողության մեջ` կապված թեկնածուական աշխատանքի հետ, որը Շավանը պաշտպանել է 1980թ.-ին: Դյուսելդորֆի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Բրունո Բլեքմանը այդ նպատակով խորհուրդ է ստեղծել:
Գերմանիայի նախարարի թեկնածուական դիսերտացիայի շուրջ սկանդալը առաջինը չէ: 2011թ.-ի մարտին Գերմանիայի ՊՆ ղեկավար Կարլ-Թեոդոր Գուտենբերգը հրաժարական տվեց, երբ պարզ դարձավ, որ նրա թեկնածուականի 100 էջը վերցված է այլ աշխատանքից:










































