Վանաձորի Գայի փողոցի 13 տան բնակիչներ, նույն ընտանիքի անդամներ Արսեն Խառատյանը` 17 տարեկան, Վլադիմիր Խառատյանը` 50 տարեկան, և Ալինա Ադամյանը` 46 տարեկան, հունվարի 21-ին սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ այս պահին գտնվում են:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց հիվանդանոցի բժշկուհի Նունե Էվինյանը, թունավորման նշանները նրանց մոտ դեռ նախորդ օրն են ի հայտ եկել: Որպես թունավորման հավանական պատճառ` ընտանիքի անդամները նշել են էկլերը և օրեր առաջ աղացված մսով պատրաստված կոլոլակով ճաշը: Ըստ նրանց` միսը, մշակված լինելով՝ քիչ հավանական է, որ թունավորման պատճառ դառնար, էկլերն էլ արտաքուստ ախորժելի ու թարմ է եղել: Այն գնել են Գայի փողոցի` «Հուշարձան» կոչվող թաղամասի խանութներից մեկից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ընտանիքի 4-րդ անդամը` Սոնիկ տատիկը, ով իրեն միանգամայն լավ է զգում և թունավորված չէ, տանը ոչ մի էկլեր չի տեսել, բայց կոլոլակով ճաշից մյուսների հետ կերել է:
Ոստիկանության Վանաձորի բաժնում խմորեղենից թունավորման փաստով կատարվում է հետաքննություն:











































