Թիմ Բերթոնն ու նրա կինը՝ Հելենա Բոնեմ Քարտերը որոշել են դադար տալ կինոկարիերայում: Դերասանուհին այդ մասին հաղորդել է The Daily Express-ին:
Դերասանուհին բացատրել է, որ իրենք ընդունել են այդ որոշումը, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն ընտանիքին: Նա նաև ասել է, որ ծնող լինելը իր մոտ դժվարություններ է առաջացնում, և ինքն անընդհատ զգում է, որ ինչ-որ սխալ է անում:
Զույգը երկու երեխա ունի: Նրա որդին՝ Բիլլի Ռեյուն, ինը տարեկան է, դուստրը՝ Նելլին, հինգ տարեկան է: Թե որքան կերկարաձգվի զույգի արձակուրդը՝ չի հաղորդվում:
Թիմ Բերթոնի վերջին աշխատանքը «Ֆրանկենվին» անիմացիոն ֆիլմն է: Մուլֆիլմը ցուցադրվել է 2012 թ. աշնանը: Հելենա Բոնեմ Քարտերը նկարահանվել է «Թշվառները» մյուզիքլում, որը մեծ էկրաններ է բարձրացել անցած տարվա դեկտեմբերին: 2013 թ. կլինեն նրա մասնակցությամբ ևս երկու ֆիլմերի պրեմիերաներ:









































