ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ընդունել է Հայատանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին։
Ինչպես ներկայացրել է դեսպանը և թիմի ղեկավար Կարլո Բարզագին, Պիզայի համալսարանական կլինիկայի փորձառու սրտային վիրաբույժներից, անեսթեզիոլոգներից և այլ մասնագետներից կազմված թիմի անդամներն այցելել են Հայաստանում գործող սրտաբանական մի շարք կլինիկաներ։ Նրանք նշեցին, որ Երևանում սրտային վիրաբուժությունը բավական բարձր մակարդակի վրա է գտնվում և տպավորվել են հատկապես «Նորք – Մարաշ» բժշկական կենտրոնի մասնագիտական մակարդակով և արդյունքներով։ Իտալացի բժիշկները ծանոթացել են նաև Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնի հնարավորություններին, ականատես եղել, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկայի ծառայություններից օգտվում են ոչ միայն Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի, այլև Վրաստանի քաղաքացիները։
Իտալացի գործընկերները նախարարին առաջարկել են առաջիկայում համատեղ քննարկել և որոշել, թե հատկապես ինչպիսի աջակցություն կնախընտրի Հայաստանը սրտաբանության բնագավառում։ Նրանք պատրաստակամություն են հայտնել բարձր մասնագիտացում պահանջող այս ոլորտում ինչպես մասնագետների վերապատրաստումներ կազմակերպելու, համատեղ վիրահատություններ կատարելու, այնպես էլ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու։
Դեսպան Սկապինին, կարևորելով առողջապահության ոլորտում երկու երկրի միջև համագործակցության ընդլայնումը, նշել է, որ մինչև գարուն առավել կհստակեցվեն համագործակցության եզրերը: Նշենք, որ Իտալիայի առողջապահության նախարարի հրավերով գարնանը սպասվում է Դերենիկ Դումանյանի այցն Իտալիա։
Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել իտալացի բժիշկների մարդասիրական այցի համար։ Նա ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում ինչպես համակարգում, այնպես էլ սրտաբանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջընթացը։ Նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիայի մեր հայրենակիցների ջանքերով հանրապետության հարավային սահմանում՝ Գորիսում ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվում է սրտաբանական ժամանակակից նոր կենտրոն, որտեղ ծառայություններ, այդ թվում ինվազիվ վիրահատություններ, կմատուցվեն ինչպես Սյունիքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Նա նշել է, որ սրտաբանության ոլորտը հանրապետության նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է։ Եկող տարվանից կավելացվի այն խմբերի ցանկը, որում ընդգրկվածների սրտի վիրահատության ծախսերը կհոգա պետությունը։
Դերենիկ Դումանյանը շեշտել է, որ Իտալիան առողջապահության ոլորտում Հայաստանին սկսել է աջակցել 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո։ Վերջերս նշվել է Աշոցքում իտալացիների կողմից կառուցված հիվանդանոցի 20 ամյակը։
«Սիրով ընդունում եմ Իտալիայի առողջապահության նախարարի հրավերը։ Մինչ այդ մենք կհամադրենք ձեր առաջարկներն ու մեր կարիքները և համագործակցության հստակ ծրագիր կմշակենք։ Կարծում եմ, գարնանը մեզ կհաջողվի այդ առթիվ փաստաթուղթ ստորագրել»,-իտալացի հյուրերին ասաց նախարարը։







































