«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն սկսում է կատարել ջավախքահայերին տված իր խոստումները:
«Մասնավորապես, Վրաստանում երկարամյա գործունեություն ծավալած պատգամավոր Մելիք Ռայիսյանին զանգահարեցին և ասացին, որ իրեն վեց տարվա ազատազրկման են դատապարտել, և եթե գա Վրաստան, ապա նրան կկալանավորեն: Դա Իվանիշվիլիի շնորհիվ վերանայվել է, մեղադրանքը հանվել է, և նա այժմ Ջավախքում է: Սա Իվանիշվիլիի քաղաքականության առաջին պտուղն է:
Բացի այդ` նրա շնորհիվ Ջավախքում վերացան հետապնդումները: Ես համոզված եմ, որ մոտ ապագայում նա կկատարի այն բոլոր խոստումները, որ նախընտրական քարոզարշավներին տվել է՝ Ջավախքի դպրոցներում հայերեն դասաժամերի վերականգնում, հայկական եկեղեցիների ստեղծում և այլն»,- հավաստիացրեց Շ. Թորոսյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` Ռուսաստանի ջավախքյան Սփյուռք կազմակերության նախագահ Աղասի Արաբյանը, նույնպես նշեց, որ Իվանիշվիլիի շնորհիվ բազմաթիվ բարեփոխումներ կիրականացվեն Ջավախքում.
«Սաակաշվիլին ինձ և Շիրակ Թորոսյանին պերսոնա նոն գրատա էր հայտարարել, և մենք ստիպված էինք կազմակերպություն ստեղծել ոչ թե Ջավախքում, այլ Ռուսաստանում: Մեզ, չգիտես ինչու, Վրաստանի թշնամին էր համարում: Ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս ամենը կվերանա, և Ջավախքն իրոք ծաղկունք կապրի»:
Բանախոսները նաև նշեցին, որ անհեթեթություն էր Ջավախք իրենց մուտքի արգելումը. «Մեր այնտեղ չլինելր արհեստականորեն բարձրացնում էր այլոց հեղինակությունը, կարծում եմ` այդ արգելքը շատ շուտով կվերանա»:
Ի դեպ, Շիրակ Թորոսյանը նշեց, որ մոտ օրերս հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը համաներումով ազատ կարձակվի:











































