Երևան քաղաքին մատուցած ծառայությունների, քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության, մայրաքաղաքում անցկացվող տոնակատարությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև հասարակական կյանքում ներդրած զգալի ավանդի համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ, «Ղ– Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով։
Գնահատելով այն նախաձեռնություններն ու ձեռնարկումները, որոնք, որպես կորպորատիվ քաղաքացի, իրականացնում է «Ղ–Տելեկոմ»-ը՝ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ընկերության օրինակը ոգևորիչ պետք է լինի հասարակության համար։
Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ։ «Մեր պարտքն է մասնակցել բոլոր այն միջոցառումներին, որ արվում են հօգուտ մեր բնակչության»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը։
Կարեն Կարապետյանը, ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման համակարգում բիզնես կառույցների ներգրավման անհրաժեշտությունը, ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային առումով հետաքրքրություն ունեցող ոլորտներն ու այն ուղղությունները, որտեղ քաղաքապետարանը պատրաստ է փոխշահավետ համագործակցության։
Ռալֆ Յիրիկյանը հավաստիացրել է, որ մանրամասն կքննարկվեն առաջարկվող բոլոր ծրագրերը։ Ողջունելով քաղաքապետարանի «Օգնիր դպրոցիդ» ծրագիրը՝ «Ղ– Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ծրագրի իրականացմանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն








































