Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը գրել է, թե 2008 թ. մարտի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցի ընթացքում նրան դիմել է, որպեսզի գնա Մյասնիկյանի արձանի մոտ, ինչին ի պատասխան, իբր, Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանել է՝ «այնտեղ իր ժողովուրդը չի հավաքվել»:
«Առաջին լրատվականը» քիչ առաջ ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի նախկին պետ, գնդապետ Սմբատ Գասպարյանի հետևյալ հայտարարությունը.
«Ի պատասխան Ստեփան Սաֆարյանի` Ֆեյսբուքում տարածած այն հայտարարության, թե իբր 2008 թ. մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի տանը տեղի ունեցած ասուլիսից հետո ինքը երկխոսություն է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, հայտարարում եմ:
Ասուլիսի մասնակիցների խումբը ես եմ դիմավորել, ուղեկցել տուն, ներկա գտնվել ասուլիսի ողջ ընթացքին, այնուհետև ասուլիսից հետո մասնակիցների խումբն ամբողջությամբ ուղեկցել եմ տնից դուրս: Այսինքն` ասուլիսից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը խոսակցություն չի ունեցել այդ խմբի որևէ անդամի հետ:
Ասուլիսին, ինձնից բացի, ներկա են եղել Լիլիթ Տեր-Պետրոսյանը, իմ տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը, ովքեր կարող են հաստատել իմ ասածը: Իսկ Լևոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի տուն առաջին անգամ եկել է ժամը 2-ի մոտակայքում:
Գնդապետ Սմբատ Գասպարյան
Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի նախկին պետ
4 ապրիլի, 2011 թ.»։











































