Հայաստանում հրապարակվեցին մի շարք ապրանքների անուններ, որոնց ներմուծումը Հայաստան արգելվում է Եվրասիական միության կանոններով: Այսինքն՝ բնականաբար, ոչ միայն Հայաստան, այլև ընդհանրապես Եվրասիական միության տարածք ներմուծելն է արգելվում: Այդ ապրանքների շարքում, բնականաբար, առաջին անհրաժեշտության իրեր չկան, թեև արգելքները այնպես չէ, որ վերաբերում են ճոխության կամ շքեղության իրերին: Դրանց ցանկում կան մի շարք ապրանքատեսակներ, որոնք տարբեր սոցիալական կարգավիճակի մարդիկ օգտագործում են ժամանցի, հանգստի, տարատեսակ հոբբիների դեպքում, ունեն նախասիրություններ և այլն: Ահա, նմանօրինակ ապրանքատեսակների պարագայում մարդկանց փաստորեն ըստ էության պարտադրվում է, այսպես ասած, Եվրասիականը: Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ վերադառնում է «արտասահմանյան» հայտնի սովետական հասկացությունը, որը կիրառվում էր ԽՍՀՄ տարիներին, երբ մարդիկ որակյալ, գեղեցիկ, հարմարավետ ամեն ինչ ստիպված ձեռք էին բերում ստվերային ճանապարհներով, կապեր ունենալով արտասահմանյան երկրների, այլ կերպ ասած՝ արևմտյան երկրների հետ:
Եվրասիական միության առումով հասարակական մտահոգություններից, ըստ որում՝ անգամ աշխարհում առկա մտահոգությունների տեսանկյունից առաջնայիններից է այն, որ Պուտինը այս նախագծով ըստ էության փորձում է ԽՍՀՄ-ը վերականգնել, որի փլուզումը նա հրապարակավ աղետ է համարել: Պուտինի այս մտադրությունների մասին իր պաշտոնավարման վերջում խոսել է անգամ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը 2012 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ թույլ չեն տա վերականգնել ԽՍՀՄ կայսրությունը:
Սրան հակառակ՝ Եվրասիական միության ջատագովները Հայաստանում հայտարարում են, որ ԵՏՄ-ն ԽՍՀՄ չէ և չի կարող լինել: Մինչդեռ ԽՍՀՄ առաջին նախանշաններն արդեն առկա են՝ մի շարք ապրանքատեսակների ներկրման արգելք: Այսինքն՝ սա, ըստ էության, մի իրավիճակ է, որում նախ վերականգնվում է հասարակության մեջ խորհրդային ժամանակներին բնորոշ հոգեբանությունը: Սրանով նաև առաջանում են նոր կոռուպցիոն ռիսկեր՝ կրկին սովետական հոգեբանությանը բնորոշ:
Պուտինը, վերջին հաշվով, հիմար չէ և հասկանում է, որ ԽՍՀՄ-ը նախ պետք է վերականգնել հասարակության ուղեղներում և հոգեբանության մեջ, որպեսզի հետո արդեն արագորեն հնարավոր լինի վերականգնել քաղաքական և տնտեսական առումով: Հասարակությունները, հասարակական ակտիվները կենտրոնացել են քաղաքական և տնտեսական ֆորմաների վրա՝ փորձելով կայսրության վերականգնման փորձերին հակադրվել այստեղ: Իսկ իրականում կայսրությունը վերականգնվում է, այսպես ասած, տակից, ներքևից կամ խորքից՝ հասարակության հոգեբանության, մտածողության, արժեքների կողմից:
Դիմադրությունը պետք է կազմակերպվի հենց այս ուղղությամբ, որովհետև եթե կայսրության վերականգնման ճարտարապետներն ու նրանց սպասարկող անձնակազմը հաջողեցին հանրային հոգեբանության ադապտացման հարցում, ապա տնտեսական և քաղաքական ֆորմայի հարցում դիմադրությունն այլևս կարող է չափազանց բարդ լինել և շատ ավելի մեծ զոհեր պահանջել, քան ԽՍՀՄ փլուզումը պահանջեց տարբեր ժողովուրդներից ու հասարակություններից:








































