Դեռ մինչև վերջերս թվում էր, թե Ջոն Գալյանոն ընդմիշտ հաշվից դուրս է. դիզայները փողի, աշխատանքի և ալկոհոլի հետ կապված խնդիրներ ուներ: Բայց նա իր մեջ ուժ է գտել վերադառնալու, նրան այդ հարցում օգնել է Օսկար դե լա Ռենտան, հայտնում է wday.ru-ն:
Ջոն Գալյանոն Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանականերում Oscar de la Renta բրենդի ցուցադրությունը պատրաստելու հրավեր է ստացել: Եկող ամիսը դիզայները կանցկացնի ODLR-ի արհեստանոցներում, կզբաղվի իր սիրած գործով, որը նրան վստահել է նրա մետերիմ ընկեր Օսկար դե լա Ռենտան: «Ես ու Ջոնն իրար շատ տարիներ ենք ճանաչում: Նա ինձ օգնել է հիվանդ ժամանակ, իսկ ես ուրախ եմ օգնել նրան վերադառնալ մեծ նորաձևություն»,- ասել է Օսկարը:
Օսկարի և Գալյանոյի կարծիքով՝ աշխատանքը պետք է նախկին մոդելավորողին օգնի կարգավորել իր կյանքն ու ազատվել ալկոհոլային կախվածությունից: «Ես հարբեցող եմ: Վերջին երկու տարին բուժվում եմ ալկոհոլային կախվածությունից: Դրա պատճառով ես բաներ եմ արել, որոնք ցավ են պատճառել մարդկանց, հատկապես՝ հրեական համայնքի ներկայացուցիչներին: Ես շատ եմ ցավում կատարվածի համար»,- խոստովանել է Գալյանոն:
Ջոն Գալյանոն Dior-ից հեռացվել էր 2011-ի մարտին՝ նրա հակասեմիտական արտահայտությունների պատճառով ծագած սկանդալից հետո: Դրանից հետո 2011-ի ապրիլին նրան հեռացրել էին John Galliano-ի՝ իր իսկ ստեղծած բրենդի ստեղծագործական տնօրենի պաշտոնից, իսկ 2012-ի օգոստոսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նրան զրկել էր Պատվո լեգեոնի շքանշանից:









































