Չեռնոգորիայում բազմակուսակցական համակարգի ներդրումից ի վեր սա 6-րդ,իսկ 2006 թ. նախկին հարավսլավյան այս պետության անկախությունից հետո 2-րդ նախագահական ընտրություններն են:
Գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. մայիսի 21-ին:
Չեռնոգորիայի խորհրդարանի կայքում նշված է, որ երկրի խորհրդարանի խոսնակ Ռանկո Կրիվոկապիչը, որպես առաջիկա նախագահական ընտրությունների օր, նշանակել է 2013 թ. ապրիլի 7-ը: Նախագահի թեկնածուներն իրենց հայտերը պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչև մարտի 18-ը: Այս պահի դրությամբ թեկնածության հայտ ներկայացրել է միայն «Ժողովրդավարական ճակատ»-ի ղեկավար Միոդրագ Լեկիչը:
Դեռ հայտնի չէ, արդյո՞ք ընտրապայքարին կմասնակցի իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Վույանովիչը, ով համարվում է ամենահայտնի քաղաքական գործիչը: Հասարակությունը միակարծիք չէ գործող նախագահի` 3-րդ անգամ առաջադրվելու հարցում: Առաջին անգամ նա նախագահ ընտրվել է 2003 թ., երբ դեռ Չեռնոգորիան անկախ պետություն չէր:
Վույանովիչն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ կառաջադրվի, եթե նման որոշում կայացնի կուսակցությունը: Նա նաև նշել էր, որ կաջակցի այլ թեկնածուի, եթե այդպիսին ներկայացվի կուսակցության կողմից: Դեմոկրատական կուսակցության որոշումը կկայացվի հունվարի 25-ին: Կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ Վույանովիչը կրկին առաջադրվելու իրավունք չունի:








































