Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները դեկտեմբերի 22-ին ձերբակալել են իրավախախտի, ով փորձել է ապօրինի կերպով հատել հայ-թուրքական սահմանը՝ Ախուրիկ բնակավայրի անցակետի շրջանում, հայտնում է Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։
Երեկոյան սահմանային կետում ահազանգ է ստացվել սահմանի անվտանգության տեխնիկական միջոցներից։ Դեպքի վայր ժամանած սահմանապահների ահազանգման խումբը հայտնաբերել է իրավախախտի հետքերը։ Անհայտ անձը փորձել է թյուրիմացության մեջ գցել սահմանապահներին՝ հաղթահարելով սահմանային գիծը մեջքով դեպի առաջ։
Սակայն, շնորհիվ Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողների հմտության, իրավախախտին հաջողվել է ձերբակալել Հայաստանի սահմանից 150 մ հեռավորության վրա, հայտնում են ծառայությունից։
Ստուգման ընթացքում նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել։ Ձերբակալվածը բացատրել է, որ նա հյուրընկալվել է բարեկամների տանը և նրանց հետ կենցաղային վեճից հետո որոշել ցուցադրաբար հեռանալ Թուրքիա։
Հարցաքննության ընթացքում իրավախախտը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, միևնույն ժամանակ ալկոհոլի ազդեցության արտաքին նշանները բացակայել են։ Որոշ ժամանակ անց բարեկամները բերել են նրա փաստաթղթերը և հաստատել նրա ինքնությունը։






































