Բանկերը դադարեցրել են ապառիկների ձևակերպումները. «Ինեկո» և «Անելիք» բանկերից տեղեկացրին, որ այս պահին ապառիկները կասեցված են: Սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կենցաղային տեխնիկայի խանութները հակառակն են ասում, անգամ նշում են համագործակցող բանկերի անունները:
«Իհարկե աշխատում ենք ապառիկով՝ «Ինեկո» և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկերի հետ, ավելի մանրամասն տեղեկություն Ձեզ կտան, եթե մեր խանութներ զանգահարեք»,- հայտնեցին «Զիգզագ» ընկերությունից:
«Արայ» ընկերության Վարդանանց փողոցում գտնվող խանութից հաստատեցին, որ իրենց մոտ գործում է ապառիկ վաճառքը, և ներկայացրին բանկերի ցանկը: Այս պահի դրությամբ կենցաղային ապրանքների շուկայում գների մեծ գնաճ չկա, գնային տատանումը փոքր է:
«Մենք այս պահին թանկացումներ չունենք: Մենք տեխնիկա չենք ներկրում, տեղում ենք գնում, գներում էական փոփոխություններ չկան, իսկ թե ինչ կլինի նոր տարում, կանխատեսումներ անել չեմ կարող»,- հայտնեց Nova ընկերության տնօրենը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Մեր տեղեկություններով, որոշ խանութներում ապրանքների գները հաշվարկվում են դոլարով՝ հաշվի առնելով տվյալ օրվա առքի գինը: Ստացվում է՝ դրամի կայունությանն ուղղված ԿԲ միջոցառումները համոզիչ չեն անգամ բանկերի համար, ուր մնաց դրանք ուղենշային լինեն տնտեսվարողների և հանրության շրջանում:
Հավելենք, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կենցաղային տեխնիկան հնարավոր է՝ կթանկանա: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված ցանկի՝ կենցաղային տեխնիկան կթանկանա 3-10 տոկոսով:
Այսպես՝ սառնարանը կթանկանա 6.7-10, գազօջախը՝ 3.3-5, լվացքի մեքենան՝ 3.3-3.5, հեղուկբյուրեղյա հեռուստացույցը՝ 6, միկրոալիքային վառարանը՝ 5 տոկոսով: Այս հաշվարկի մեթոդաբանության հիմքում արժեքի նկատմամբ մաքսատուրքի աճն է՝ այժմ Հայաստանում գործող և ԵՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերությամբ հաշվարկված:




































