«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
– Տիկին Սարգսյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հայտարարություն է տարածվել, թե 2015թ. հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: Այս հաղորդագրությանը հետևեց ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանի հայտարարությունը, թե իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ կամ եռյակի ձևաչափերով:Արդյոք ՀԱԿ-ը չի՞ մասնակցելու այդ խորհրդաժողովին:
– Նախ պիտի ասեմ, որ Գ. Ծառուկյանի նախաձեռնած այդ գործընթացին մանրամասն ծանոթ չեմ, ընդամենը հայտարարությունն եմ կարդացել, որ նա կուսակցության նախաձեռնությամբ ցանկանում է համաժողով անցկացնել և արտախորհրդարանական ու խորհրդարանական քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին հրավիրել հետագա անելիքների հետ կապված քննարկումների: Այնուամենայնիվ, դրական եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը, և եթե լինի առանձին հրավեր, որպես արտախորհրդարանական կուսակցության ղեկավար՝ կարծում եմ, ճիշտ կլինի մասնակցելը:
Մենք միասին ճանապարհ ենք անցել, շարունակելու ենք այդ ճանապարհը, ունենք ընդհանուր նպատակներ և այդ նպատակների շուրջ համագործակցությունն ավելի առարկայական դարձնելու ցանկություն: Շատ կարևոր հանգամանք է, որ եռյակի կողմից, եռյակի լիդերների կողմից նման նախաձեռնություն է լինում, որին, կարծում եմ, մենք պետք է մասնակցենք ու ամեն կերպ աջակցենք մեր ժողովրդի խնդիրների լուծմանը: Պետք է փորձենք համախմբվել և ի վերջո հասնել իշխանափոխության, որը ոչ միայն քաղաքական ուժերի, այլև մեր ժողովրդի եթե չասեմ՝ 95 տոկոսի, ապա գերակշռող մասի ցանկությունն է: Չէ՞ որ այս իշխանության օրոք խնդիրները գնալով ավելի շատանում և բարդանում են, և դրանց արդյունքում ժողովրդի վիճակը գնալով ավելի է ծանրանում: Շատ կուտակված հարցեր կան, որոնք ԱԺ-ում, իհարկե, մասամբ քննարկվում են, բայց լուծում չեն ստանում: Թեկուզ վերջին իրադարձությունները՝ թե՛ ազատամարտիկների ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնությունները, թե՛ դրամ-դոլար հարաբերությունների հետ կապված տատանումներն ու դրա արդյունքում մեր ժողովրդի կրած կորուստները: Այնպես որ՝ խնդիրները ծանր են, ու դրանց լուծման ուղղությամբ քննարկումները՝ կարևոր:
– Գ. Ծառուկյանի կողմից կազմակերպվող այդ խորհրդաժողովին մասնակցելու համար ՀԱԿ խմբակցությունում քննարկում եղե՞լ է:
– Համենայնդեպս՝ ինձ հետ նման քննարկում չի եղել, այդ ամենի մասին ես մամուլից եմ տեղեկացել: Կարծում եմ, որ ՀԱԿ-ը նույնպես կարող է այդ հարցում խնդիր չունենալ:
– Բայց չէ՞ որ Ա. Մուսինյանի հայտարարությունց կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ը չի մասնակցի. այնտեղ նշված էր, թե իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ կամ եռյակի ձևաչափերով:
– Եսչեմկարողասել՝կմասնակցի՞, թե՞ոչ: Կարծումեմ, որայդհարցումհավանաբարդեռհստակությունչկա:
– Փաստորեն անկախ այն հանգամանքից՝ ՀԱԿ-ը կմասնակցի, թե ոչ, դուք, որպես Վերակազմյալ ՍԴՀԿ ղեկավար, կմասնակցեք:
– Կարծում եմ, որ դուք ինձ որպես հենց արտախորհրդարանական Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետի եք հարցնում: Եվ լինելով պատգամավոր ու ՀԱԿ խմբակցության անդամ՝ զուգահեռ նաև ՎՍԴՀԿ ատենապետ եմ: Այս դեպքում թե ՀԱԿ խմբակցությունը, թե ՎՍԴՀԿ-ն համագործակցում են Գագիկ Ծառուկյանի ու նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Հետևաբար մեր մասնակցության դեպքում ոչ մի խնդիր չեմ տեսնում:
– Չե՞ք կարծում, որ նման խորհրդաժողովների անցկացումը, շտաբների բացումը դանդաղեցրեց կամ հետաձգեց ընդդիմության պայքարը:
– Միգուցե մի փոքր դանդաղեցրին այդ գործընթացները, բայց կարծում եմ, որ շտաբների ձևավորումը շատ կարևոր էր: Եթե մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, ապա պետք է պատրաստվենք դրան: Դրա համար, բնականաբար, պետք է նման կառույցներ ստեղծենք, ավելի ակտիվացնենք փողոցը, հրապարակը՝ համախմբելով քաղաքական ուժերին և ժողովրդին: Կարծում եմ, որ առջևում մեզ շատ մեծ զարգացումներ են սպասվում:
– Իսկ ոչ իշխանական ուժերը իրենց հանրահավաքային ակտիվ պայքարը ե՞րբ են վերսկսելու: Այս հարցի հետ կապված ի՞նչ քննարկումներ կան եռյակում:
– Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե մենք ինչ արագությամբ կկարողանանք լուծել կազմակերպչական խնդիրները, և ավելի քան վստահ եմ, որ հունվարի վերջին և փետրվարից շատ ավելի ակտիվ շրջան է լինելու մեզ համար:







































