«Հետք»-ը գրում է. «Արևելյան հորոսկոպով 2015 թ. փայտե կապույտ այծի տարի է: Աստղաբանների նշում են, որ 2015 թվականը խոստանում է բիզնես ոլորտում լուրջ հաջողություններ, առաջընթաց են ունենալու ինժեներական միտք և հոգևորի զարգացում ապրող մարդիկ: Այծի տարին լինելու է կամքի, համառության, նոր ուղիներ գտնելու տարի։
Ազգային ժողովի 11 պատգամավոր՝ Սեդրակ Սարոյանը, Լյովա Խաչատրյանը, Շուշան Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը, Մելիք Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Օսկանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մհեր Շահգելդյան ծնվել են այծի տարում: Նշվածների գերակշիռ մասը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ են:
Դժվար է ասել, թե այս պատգամավորներից քանիսն ինժեներական միտք ունի ու հոգևոր զարգացման մեջ է, սակայն նրանց մի մասը բիզնես ոլորտում գուցե հաջողություն ունենա, օրինակ՝ Սեդրակ Սարոյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Մելիք Մանուկյանը (Շշի Մելո): Վերջիններս լուրջ բիզնես ունեն և մի քանի ընկերություններում սեփականատեր են:
Փորձեցինք կապ հաստատել պատգամավորների հետ՝ պարզելու նրանց կարծիքը այծի, իրենց սպասվող հաջողությունների մասին, սակայն նրանց մեծ մասը Հայաստանում չէր: Գուցե սկսել են դիմավորել այծին Դուբայում կամ որևէ էկզոտիկ երկրում՝ «պատշաճ» մթնոլորտում:
Լյովա Խաչատրյանն ասաց, որ այծի տարուց ոչ մի ակնկալիք չունի: «Դե, եթե այս տարիների ընթացքում չի ստացվել, եկող տարուց ի՞նչ պիտի ակնկալեմ: Ազգային տոնի ակնկալիք ունեմ, որ եկող տարի կունենանք ազգային տոն»,- ասաց Լյովա Խաչատրյանը:
Պատգամավորն ասաց, որ հորոսկոպներին այնքան էլ չի հավատում: «Հավատում եմ այնքանով, որքանով, որ… ես կոմունիստական դարաշրջանի մարդ եմ»,-նշեց Լ. Խաչատրյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը թեև Հայաստանում էր, սակայն զբաղվածության պատճառով «քիթ սրբելու» ժամանակ չուներ, որպեսզի հարցերին պատասխաներ, իսկ Սեդրակ Սարոյանը նման «զիզի-բիզի» բաներով չէր հետաքրքրվում:
«Լուրջ բաներ ասեք, այծ-մայծ չգիտեմ»,- ասում է պատգամավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































