Ամերիկյան Սենթ Լուիսի Բերքլի թաղամասի ծայրամասում ոստիկանը սպանել է 18-ամյա սևամորթ դեռահասի, ինչը բնակիչներին կրկին դուրս է բերել փողոցներ: Այս մասին հայտնում է տեղական St. Louis Post-Dispatch թերթը:
Ականատեսների խոսքով՝ երիտասարդը եղել է անզեն: Բացի դրանից՝ սպանվածի ընտանիքին թույլ չեն տվել տեսնել նրա մարմինը, երբ նրանք հասել են դեպքի վայր: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Թերթի տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ բենզալցակայանում: Կատարվածի պատճառները չեն հաղորդվում: Սպանվածի մայրը տեղեկացրել է, որ հրաձգության ժամանակ դեռահասի կողքին է եղել նրա ընկերուհին: Նա չի տուժել, սակայն հրաժարվել է լրագրողների հետ շփվել:
Տեղի թերթերի հաղորդմամբ՝ այս շրջանում հավաքվել է մոտ 60 մարդ, որոնց թվում են նաև Ֆերգյուսոնում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներ:
Ներկայում պարզվում են կատարվածի հանգամանքները:









































