Իրանի Հետախուզական ծառայությունը հայտարարել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության 5 հոգանոց ծպտյալ գործակալների խմբի բացահայտման մասին: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Օպերացիաների մի մասն իրականացվել է Ֆրանսիայում:
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է ԿՀՎ օպերատոր և ԿՀՎ հետախուզական պլանի ղեկավար Մաթի Վալուկը՝ հակաիրանական խմբի մի շարք անդամների հետ:
2008 թվականին իրանցի գործակալները զբաղվածության կայք են բացել և պայմանագրեր կնքել հեղինակավոր եվրոպական ընկերությունների հետ՝ նրանց փորձագիտական մարդկային ուժ ցուցաբերելու համար: 2009 թվականին նրանց հետ կապվել է մի անհատ, որն իրեն կոչել է Ստիվեն Լոգանո: Նրանք կապ են հաստատել Prizma Company-ի էլեկտրոնային փոստի միջոցով: Լոգանոն համագործակցության ցանկություն էր հայտնել:
Մի քանի օր անց գործակալը հասկացել էր, որ Լոգանոն նրա իսկական անունը չէ, և որ նա ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյա է, որի նպատակն է ներթափանցել իրանական էլիտար շրջանակներ և տեղեկություններ հավաքել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ Իրանի առաջընթացի մասին:
Խմբի մյուս անդամները, որոնք Իրան էին եկել տարբեր ժամանակներ` որպես բիոտեխնոլոգիական հետազոտողներ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետներ (նրանց թվում ՝ Մարոկկոյի, Մալայզիայի քաղաքացիներ), նույնպես ձերբակալվել են:
Իրանի Հետախուզական ծառայությունը հրապարակել է ծպտյալ գործակալների լուսանկարները: Իրանի գործակալները նրանց լուսանկարել են Թեհրանի փողոցներում, հյուրանոցներում, Մալայզիայի հյուրանոցներից մեկում` գաղտնի հանդիպման ժամանակ, և այլն:











































