«Նախագահական այս ընտրությունները մի առանձահատկություն էլ ունեն՝ այս օրերին ամենաանհեթեթ կոչերն ենք լսում և ամենաարտառոց նախաձեռնություններին ենք ականատես: Մեկը հացադուլ է անում, մյուսը պահանջում է վերացնել ընտրագրավը, երրորդն ասում է՝ գնացեք քվեարկության, և քանի որ չկա «բոլորին դեմ» տողը, անվավեր դարձրեք քվեաթերթիկը ոչ պատշաճ քվեարկությամբ, չորրորդը բոյկոտ է քարոզում: Ես այս բոլոր առաջարկները, թող ինձ ներեն դրանց հեղինակները, համարում եմ ապակառուցողական, հակաօրինական, քաղաքացիական հասարակության և գիտակցության ձևավորման համար վնասակար: Ի վերջո, եթե մի կողմ թողնենք սենտիմենտները, ի՞նչ է ընտրությունը: Միջոցառում, որի ժամանակ դուք ստիպված եք ձեզ ներկայացված ներկապնակից ընտրել մի բան»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.
«Դա կյանքի ու կողակցի ընտրություն չէ, ճակատագրի ու մասնագիտության ընտրություն չէ: Եթե անգամ ճակատագրական է երկրի համար, ապա միևնույն է՝ դրան չի կարելի մոտենալ մերժման, բացասման, նիհիլիզմի տեսանկյունից: Հասկանալի է, որ մեր պահանջներն ավելի մեծ են, և մենք կնախընտրեինք, որ մեզ առավել բազմազան ու հարուստ տեսականի ներկայացվեր: Այնպիսի իրավիճակ լիներ, որ ընտրությունը կատարեինք, այսպես ասած, փակ աչքերով: Հաճույքով: Առանց երկար խորհելու: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ եթե այդ ընտրությունն աղքատիկ է, մենք բոլորս ենք մեղավոր, ուստի պետք չէ անիմաստ դժգոհություններով պղտորել մարդկանց հոգիները և անհուսություն ու մերժողական վերաբերմունք սերմանել ընտրություն կոչվող գործընթացի նկատմամբ:
Ի վերջո, դժգոհների այս բազմությանն ինչո՞վ չեն բավարարում Հրանտ Բագրատյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Կարևորը հասարակական ընտրության կայանալն է, անգամ եթե այդ ընտրությունը կանգ է առնում էպոսագետի վրա»:











































