Լիբիայի իշխանություններն այսօր հայտարարել են Բենղազիում պարետային ժամ մտցնելու մասին՝ անվտանգության ոլորտում դրության կարգավորման նպատակով: Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը, այն կգործի կեսգիշերից առավոտյան ժամը 8:00-ն ընկած ժամանակահատվածում:
Այս շաբաթվա ընթացքում ավելի վաղ վարչապետ Ալի Զեյդանը զգուշացրել է քաղաքում պարետային ժամ մտցնելու և փողոցներում զորքի և ոստիկանության հատուկ ջոկատների շրջելու մասին «եթե չհաջողվի վերջ դնել բռնությունների արյունոտ շրջանին Լիբիայի արևելյան խոշոր քաղաքներում»: Այս որոշումն ընդունվել է Համընդհանուր ազգային կոնգրեսի՝ խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո:








































