Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն առաջին անգամ խոստովանել է, որ Իրանը վնաս է կրել ԱՄՆ-ի և Եվրամիության՝ Թեհրանի դեմ իրականացրած տնտեսական պատժամիջոցների պատճառով: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ պետք է հաղթահարել նավթային եկամուտներից կախվածությունը, որպեսզի նվազվի արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Ըստ նախագահի՝ այդ ամենը հանգեցրել է տնտեսության զարգացման դանդաղեցմանը և խաթարել երկրի արտաքին առևտուրը: Նավթի փոխարեն որպես եկամտի աղբյուր Ահմադինեժադն առաջարկել է օգտագործել հանքարդյունաբերությունը և փայտանյութը:
Նա ընդգծել է, որ «թշնամիներն» օգտագործում են Իրանի տնտեսության թույլ կողմերը՝ իշխանություններին ճնշելու համար:
Ահմադինեժադը դիմել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ Իրանի տնտեսության զարգացման նպատակով արժեթղթերի մի մասը վաճառելու խնդրանքով:









































