Ընդառաջ գնալով մի շարք ընտրողների քաղաքացիական նախաձեռնությանը` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանը հունվարի 17-ին դիմել է ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԿԸՀ թիվ 22-Ա որոշումն անվավեր ճանաչելու և իր թեկնածութամբ գրանցման մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Նախաձեռնությունն ուղղված է ՀՀ բոլոր քաղաքացիների համար քաղաքականությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների սահմանմանը` ընտրական իրավունքի իրացման համար ունեցվածքային ցենզի բացառմանը:
Վարչական դատարանը գործն ընդունել է վարույթ՝ դատաքննությունը նշանակելով հունվարի 18-ին, ժամը 14:30-ին (ՀՀ վարչական դատարանում՝ Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 106 դահլիճ):
Հայցադիմումում վկայակոչվում են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ: Մասնավորապես՝ 14.1 հոդվածը սահմանում է` «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է` «Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: