Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ վերջինն էր: Առաջիկա մեկ ամսում կլինեն շտաբի նիստեր և աշխատանքային հանդիպումներ: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գործադիր մարմնի նիստին մասնակցել են նաև շտաբի անդամները:
Շարմազանովը փոխանցել է, որ հունվարի 21-ին ՀՀԿ-ն քարոզարշավը սկսելու է Երևանի Ավան թաղամասից, որից հետո շարունակվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
«Քարոզարշավի կիզակետում կլինի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Բացի քարոզարշավի այդ մեխից, ինչպես և պառլամենտական ընտրություններում, կլինեն նաև քարոզչական խմբեր, որոնք առանց բացառության կլինեն ՀՀ բոլոր փոքր և միջին համայնքներում: Մենք արդեն ունենք քարոզչական խմբեր, յուրաքանչյուր մարզ ունի քարոզչության պատասխանատուն, և այդ քարոզչական խմբերը կլինեն, ես կարծում եմ, ոչ միայն մեկ անգամ բոլոր համայնքներում»,-նշել է ՀՀԿ խոսնակը:










































