ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրաման Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ներառյալ Ղրիմի հետ կապված ցանկացած տնտեսական ակտիվության դեմ միջոցառումների: Վաշինգտոնը մտադիր է արգելափակել Ղրիմի հետ կապ ունեցող ցանկացած ֆիզիկական անձանց և ընկերությունների ակտիվները՝ գրում է Lenta.ru-ն:
Հրամանն արգելում է ԱՄՆ բնակիչների նոր ներդրումները Ղրիմում, ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների ներկրումը Ղրիմից ԱՄՆ, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների արտահանումն ու վաճառքը Ղրիմ: Այս մասին ասվում է Օբամայի նամակում՝ ուղղված Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհներին:
Օբաման արգելել է ամերիկացիներին նաև որևէ բիզնես ունենալ ընկերությունների հետ, որոնք ղեկավարվում են Ղրիմի բնակիչների կողմից:
Հրամանը ԱՄՆ ֆինանսների նախարարին Ղրիմում աշխատող անհատների ու ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու իրավունք է տալիս:










































