«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները 63 տարվա մեջ առաջին անգամ հրաժարվել են լողազգեստներով փուլից, հաղորդում է ABC News-ը:
«Դա ոչ միայն գեղեցկության մրցույթ է, այլև «նպատակային մրցույթ»»,- ասել է Miss World America/Miss United States-ի ղեկավար Քրիս Ուիլմերը: Նրա խոսքով՝ կազմակերպիչները եկել են այն եզրակացության, որ լողազգեստներով փուլ անցկացնելու մեջ որևէ նպատակ չկա:
Ուիլմերը նշել է, որ «Միսս աշխարհը» ավելի շուտ բարության առաքյալ է, քան գեղեցության թագուհի: Վերջին տարիներին մրցույթի կազմակերպիչները մեծ ուշադրություն են դարձնում «նպատակային գեղեցկությանը» նվիրված փուլին, որի ժամանակ մանակցիները զբաղվում են բարեգործական աշխատանքներով, հանրության ուշադրությունը փորձում են գրավել նշանակալից գործերով:
Լողազգեստներով մրցույթի փոխարեն նախատեսվում է անցկացնել մրցույթ լողափնյա հագուստով, որը, ըստ Ուիլմերի, ավելի շուտ կնմանվի նորաձևության մրցույթի, քան բիկինի շոուի:
Հիշեցնենք, այս տարի «Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 22-ամյա Ռոլեն Շտրաուսը:








































