Փետրվարի 4-ից` Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի սկսվելուն պես, ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը կնախագահի Հանրապետական խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը: Այժմ հանձնաժողովի նախագահը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Էթիկայի հանձնաժողովի նիստերից մեկը սկանդալային ընթացք ունեցավ: Հանձնաժողովի անդամ Դ. Հարությունյանը լքեց նիստը, քանի որ Ն. Փաշինյանը նրան զրկել էր քննարկմանը, որպես հանձնաժողովի անդամ, մասնակցելու հնարավորությունից: Ն. Փաշինյանն իր որոշումը բացատրել է ԱԺ կանոնակարգ օրենքով, որը պատգամավորին արգելում է մասնակցել իր հարցի քննարկմանը:
Հարցին` մտահոգություն չունի՞ արդյոք Փաշինյանը, որ Դ. Հարությունյանն իրեն պատասխան հարված կտա նախորդ նիստերից մեկում կատարված միջադեպի պատճառով, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս ինձ հարվածել կամ էլ հարվածելու փորձ անել: Մենք գործում ենք օրենքի շրջանակներում: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գործել օրենքի շրջանակներում»:
Դ. Հարությունյանն այն ժամանակ հակաօրինական էր համարել Ն. Փաշինյանի քայլը: «Ես ուղիղ եթերով պարոն Հարությունյանի առաջ դրեցի ԱԺ կանոնակարգ օրենքը, Էթիկայի հանձնաժողովի կանոնակարգը, ՀՀ Սահմանադրությունը և խնդրեցի ցույց տալ իր այդ պնդումները հիմնավորող որևէ հոդված: Դ. Հարությունյանը չցանկացավ, ավելի ճիշտ` չկարողացավ դա անել: Իսկ եթե դուք նկատի ունեք, որ ինչ-որ մեկը կարող է որևէ ապօրինություն թույլ տալ, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը ապօրինություններ թույլ տալու բավականին մեծ փորձ ունի: Եվ կարծում եմ, որ ՀՀ օրինապահ քաղաքացիների գործն է թույլ չտալ, որ Ս. Սարգսյանի իշխանությունը և նրա իշխանության զանազան ներկայացուցիչներ չկարողանան օրենքի խախտումներ թույլ տալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավելացրեց Ն. Փաշինյանը:
Ի դեպ, այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ մերժվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դեմ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» դիմումի քննությունը: Ն. Փաշինյանի խոսքերով` Սահմանադրությունում համապատասխան դրույթ կա, որտեղ ասվում է, որ պատգամավորը չի կարող հետապնդվել, կամ նրան չեն կարող պատասխանատվության ենթարկել ԱԺ-ում իր արտահայտած կարծիքների, տեսակետների համար: «Դիմումը մերժելու ամենակարևոր հիմնավորումներից մեկը դա էր»,- պատասխանեց պատգամավորը:
Էթիկայի հանձնաժողովը նաև քննարկել է ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության դիմումը: Լրագրողների հարցին, թե կհրավիրվե՞ն լրագրող Մհեր Արշակյանն ու պատգամավոր Մհեր Սեդրակյանը, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ առաջիկա նիստերն արվելու են այն նպատակով, որ այն պատգամավորները, ում վերաբերում են դիմումները, հրավիրվեն, ու հանձնաժողովը լսի նրանց պարզաբանումները:
Հանձնաժողովը քննել է նաև արտահերթ նիստը բոյկոտած 83 պատգամավորներին վերաբերող ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիմումը: Ն. Փաշինյանն ասաց, որ այդ պատգամավորների մասին ԱԺ նախագահին ուղղված հարցումների պատասխանը ստացել են, բայց չմանրամասնեց, թե ինչ պարզաբանումներ են տրվել: Փետրվարի 1-ին արդեն հանձնաժողովը այս հարցի վերաբերյալ պետք է կայացնի որոշում: Լրագրողների հետ զրույցում Ն. Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ այս հարցերի հետ կապված առաջիկա շաբաթվա ընթացքում կհրավիրվեն մի քանի նիստեր:








































