Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահափորձի ժամանակ վիրավորված կինը Բաքվում ապրած ազգությամբ հայ Բիքչուրինա Մարիաննան է: Այս մասին հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը:
Աղբյուրի խոսքերով՝ Մարիաննան աշխատել է հայկական «Ֆայտոն» ռեստորանում, որը գտնվում է սպանված Դեդ Հասանի գրասենյակի դիմաց: Վերջին շրջանում Մարիաննան եղել է քրեական հեղինակության անձնական սպասուհին և մատուցել է նրան ոչ միայն ռեստորանում, այլև գրասենյակում: Աղբյուրը հաղորդել է, որ վերջերս Դեդ Հասանը նրան անգամ մեքենա է նվիրել:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի կենտրոնում դիպուկահարի կրակոցից վիրավորվել և կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Հաղորդվում էր, որ հրաձգության ժամանակ վիրավորվել է նաև մի կին: Նրան տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել:
Ավելի վաղ RIA Novosti-ի աղբյուրը հայտնել էր, որ Բիքչուրինան կորցրել է 4,5 լիտր արյուն: Նա բացատրել է, որ հիվանդին մասամբ հետ են վերադարձրել սեփական արյունը, ինչպես նաև ներերակային եղանակով ներարկել դոնորական արյուն ու պլազմա:
Հարկ է նշել, որ միջինը մարդու օրգանիզմում կա շուրջ 5 լիտր արյուն, ընդ որում, մահացու է համարվում արյան շուրջ 60%-ի կորուստը:








































